Մի օգտվեք պոլիէթիլենային տոպրակներից և պլաստմասե տարաներից. Խորհուրդ են տալիս մասնագետները
Կենցաղում պոլիէթիլենային տոպրակների և պլաստմասե տարաների օգտագործումն ազդում է մարդու առողջության վրա` առաջացնելով երիկամային, հյուսվածքային, հորմոնային հիվանդություններ, քաղցկեղ: Այս մասին ասուլիսում ասաց բնապահպան Լիլիթ Դաշյանը: Նրա ներկայացրած տվյալների համաձայն, յուրաքանչյուր մարդ տարեկան օգտագործում է միջինը 500 պոլիէթիլենային տոպրակ, որը կազմում է ողջ աղբի 1/10-րդ մասը:
Բնապահպանի խոսքով, պոլիէթիլենային տոպրակները և պլաստմասե տարաները տարիների ընթացքում չեն քայքայվում: Դրանք պատրաստվում են նավթային հումքով և այրելիս մեծ վնասներ են պատճառում առողջությանն ու բնությանը:
Բնապահպանն ու ասուլիսին ներկա Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը խորհուրդ տվեցին մարդկանց օգտագործել թղթե տոպրակներ կամ ապակե շշեր, ինչն արդեն տարիներ շարունակ անում են քաղաքակիրթ երկրներում:
Ըստ Ռ. Խաչատրյանի, Հայաստանում մարդիկ այնքան էլ չեն մտածում իրենց առողջության մասին ու օգտվում են պոլիէթիլենային տոպրակներից կամ պլաստմասե շշերից: Նրա խոսքով, կա բնակչության իրազեկման և գիտակցության բարձրացման խնդիր. «Մեր հասարակությունն այդ առումով բավական անգրագետ է»: Ռ. Խաչատրյանն ասաց, որ իրենք փորձում են տարբեր կրթական ծրագրերի միջոցով բարձրացնել մարդկանց գիտակցության աստիճանը: Նա օրինակ բերեց «Արևորդի» փառատոնը, որի մասնակից երեխաները Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ի առթիվ դրված ծաղիկներից էկոլոգիապես մաքուր թուղթ են վերամշակել: Իսկ Վանաձորի դպրոցներից մեկում մրցույթ է հայտարարվել, թե որ երեխան ավելի շատ թուղթ կհավաքի և կհանձնի դպրոցին:
Բանախոսն ասաց, որ այժմ մայրաքաղաքի մի քանի սուպերմարկետներ առաջարկելու են իրենց հաճախորդներին թղթե տոպրակներ, որոնք արժեն ընդամենը 50 դրամ: Հայաստանում կան թղթի վերամշակման գործարաններ, որոնք կարող են արտադրել թղթե տոպրակներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը