Մարադոնան մեղադրել է Գրոնդոնային և Բիլարդոյին
Դիեգո Մարադոնան Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականից հեռանալուց մեկ օր հետո խիստ քննադատության է ենթարկել երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը: Բանն այն է, որ ԱՖՖ-ի ներկայացուցիչները միաձայն քվեարկել են Մարադոնայի հետ պայմանագրի երկարաձգման դեմ:
«Ֆեդերացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնան խաբում էր, իսկ հավաքականի տեխնիկական տնօրեն Կառլոս Բիլարդոն դավաճանեց ինձ,- ասել է Մարադոնան:- Գերմանացիներից կրած պարտությունից հետո Գրոնդոնան ասաց ինձ, որ բավարարված է իմ կատարած աշխատանքից և ցանկանում է, որ ես մնամ: Երբ մենք դեռ սգի մեջ էինք, Բիլարդոն անդրկուլիսյան խաղ էր սկսել, որպեսզի հեռացներ ինձ գլխավոր մարզչի պաշտոնից»:
Հավաքականում աշխատանքը շարունակելու համար Մարադոնան պետք է հեռացներ մարզչական շտաբի 7 անդամների: Նման խնդրանքով, ի դեպ, հանդես էր եկել ֆեդերացիայի ղեկավարությունը: Սակայն Դիեգոն հրաժարվեց:
«Գրոնդոնան գիտի, որ ինձ համար դա անհնար է,- ավելացրել է Մարադոնան:- Ես պաշտպանում էի բոլորին` սկսած մերսողից, վերջացրած օգնականով: Ես ամեն ինչ արել եմ արգենտինական ֆուտբոլի համար, որպեսզի շարունակեի կրել ազգային թիմի մարզաշապիկը: Եվ ես համոզված եմ, որ ֆուտբոլիստներն զգում էին դա»: