«Այս տարի միասնական քննությունների թեստերի արտահոսք չի եղել»
«Թեստային համակարգը չի կարող կատարյալ լինել, այն ունի իր առավելությունները և թերությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը:
Ըստ նրա, թեստը հզոր զենք է, որը մեծ ճշտությամբ ցույց է տալիս դիմորդի իրական գիտելիքը: «Այլ հարց է, որ թեստային համակարգը Հայաստանում ունի զարգացման կարիք»,- ասաց նա:
Գ. Խաչատրյանը նշեց, որ համոզված է «այս տարի միասնական քննությունների թեստերի արտահոսք չի եղել: Թեստի արտահոսքը կանխելու համար տպարանում տեղադրված են եղել տեսագրող սարքեր»:
«Նունիսկ մաթեմատիկայի թեստի հեղինակներից մեկի աշակերտը մաթեմատիկայի քննությունից անբավարար է աստացել: Դա խոսում է նրան մասին, որ թեստի հեղինակը ոչ մի բան չի հաղորդել իր աշակերտներին թեստի մասին»,-ասաց նա:
ԳԹԿ տնօրենը հիշեցրեց, որ այս տարի գրանցվել է միայն 9-րդ դասարանի թեստի արտահոսք, որի մասին ԳԹԿ տեղեկացել է մայիսի 20-ին և այդ մասին տեղեկացրել է ՀՀ Ազգային անվտանգությանը` արտահոսքը կանխելու համար:
«Հույս ունենք, որ դեռ կպարզվի, թե ով է թեստերի արտահոսքի հեղինակը»,- ասաց նա և հավելեց, որ այս տարին միակ դեպքը չէ, նախորդ տարիներին էլ են նման երևույթներ գրանցվել: