Այս տարի Երևանի գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանական ֆակուլտետը դիմորդ չի ունեցել
«Գեղարվեստի ակադեմիան հիմնվել է գեղանկարչության և քանդակագործության հիմքի վրա, սակայն այսօր այս մասնագիտություններն այդքան մեծ հետաքրքրություն չեն վայելում, որքան նախկինում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը:
Նա նշեց, որ այսօր դիմորդները շատ ավելի հետաքրքրված են դիզայնի, համակարգչային նախագծման և մոդելավորման մասնագիտություններով: «Սակայն սա էլ իր պատճառներն ունի. այսօր վերոնշյալ մասնագիտությունների պահանջարկը կա»,-ասաց նա:
Ա. Իսաբեկյանի խոսքով, այս տարի Երևանի գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանական ֆակուլտետը դիմորդ չի ունեցել:
«Մյուս ֆակուլտետներում տեղերը լրացվել են »,- ասաց նա:
«Ես չեմ կարծում, որ եթե այդ ֆակուլտետը դիմորդ չի ունեցել, ապա այն պետք է փակել, դա սխալ կլինի: Պարզապես կգա ժամանակը նորից դիմորդներ կունենանք»,- հավելեց Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորը:
Ա. Իսաբեկյանը նշեց, որ բուհի մյուս խնդիրն այն է, որ այսօր դիմորդների մեծ մասը աղջիկներ են, իսկ նախկինում մեծ մասը տղաներ էին: «Դա այդքան էլ գոհացուցիչ չէ, քանի որ տղաների առկայությունը շատ կարևոր է գեղանկարչության, գրաֆիկայի և քանդակի բաժիներում»,- ասաց նա: