Պաշտոնական. Մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետևանքով զոհվել է 1 սպա և 5 զինծառայող
Հուլիսի 28-ին բանակի զորամասերից մեկում տեղի է ունեցած միջադեպի ժամանակ հրազենային զենքի կիրառման հետևանքով զոհվել է 6 զինվորական` 1 սպա և 5 ժամկետային զինծառայող: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ ֆելիքս Պողոսյանը:
Մինչ այդ զոհերի թվի վերաբերյալ հաղորդվում էին իրարամերժ տեղեկություններ:
Պողոսյանը նշեց զոհերի անունները` սպան եղել է ավագ լեյտենանտ Վարդգես Արարատի Թադևոսյանը` Երևանից, իսկ ժամկետային զինծառայողներն են` Գարեգին Սամվելի Հովսեփյան` Էջմիածնից, Անդրանիկ Սարգսի Սարգսյան` Երևանից, Ռոբերտ Միքայելի Հովհաննիսյան` Վանաձորից, Արտյոմ Սուրենի Մանասյան` Չարենցավանից և Կարո Շուրիկի Այվազյան` Երևանից:
Սպանությունն իրականացրել է ժամկետային զինծառայողներից մեկը, որի անունը Ֆելիքս Պողոսյանը չնշեց` ասելով. «Կան հարցեր, որոնց պատասխանը պետք է տան իրավապահ մարմինները, գործը զինվորական դատախազությունում է»:
Պողոսյանը հստակ չնշեց, թե որտեղ է տեղի ունեցել դեպքը և մանրամասնեց. «Կան խնդիրներ, որոնք չեն ասվում: Ես ուղղակի կարող եմ ասել, որ զինծառայողների կողմից մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման արդյունքում է ծագել այս միջադեպը ու, փաստորեն այսպիսի բան է ստացվել»:
ՊՆ պաշտոնյան նաև չասաց, թե մասնավորապես որ զինծառայողի կողմից է խախտվել մարտական հերթապահության կանոնները: «Զինվորական դատախազությունում, քննչական ծառայությունում կատարվում է քննություն: Կան խնդիրներ զոհվածների հարազատների միջև, որը նպատակահարմար չեն համարում առայժմ ասել»,- հավելեց Պողոսյանը: