«Կոնսերվատորիայում սովորելը թանկ հաճույք է». Սերգեյ Սարաջյան
«Կոնսերվատորիայում սովորելը թանկ հաճույք է, դրա համար էլ մեր բուհում ուսման վարձը թանկ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանը:
Նա նշեց, որ բուհի բոլոր ֆակուլտետներում մեկ տարվա ուսման վարձը նույն է, այն կազմում է 600 հազար դրամ: «Ուսման վարձը թանկ է, քանի որ ուսանողների հետ անհատական պարապունքները շատ են: Նույնիսկ այդ գումարն էլ չի հերիքում, որ մենք կարողանանք վայել աշխատավարձ տանք դասախոսներին»,- ասաց նա և հավելեց, որ «պետությունը մեկ ուսանողի համար ավելի թանկ է վճարում` մոտ 800 հազար դրամ»:
Նա նշեց, որ այս տարի բուհում անվճար տեղերը 50 տոկոսով կրճատվել են և այժմ բուհը ունի 42 անվճար տեղ:
Հարցին, իսկ ինչ պետք է անել, որ Կոնսերվատորիայի ուսանողը բուհը ավարտելուց հետո աշխատանք ունենա, բուհի ռեկտորը նշեց, որ անհրաժեշտ է այսօր երաժշտական դպրոցները կարգի բերել: Նա նշեց, որ Խորհրդային տարիներին գործում էր 250-ից ավելի երաժշտական և արվեստի դպրոց, իսկ այժմ մնացել է դրանցից միայն 100-ը, որտեղ էլ ուսուցչի աշխատավարձը շատ ցածր է:
Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի խոսքով, Հայաստանում արվեստի բոլոր բուհերում սովորելը պետք է անվճար լինի:
«Կարծում եմ, որ պետության համար, դա մեծ բեռ չի լինի»,-ասաց նա և հավելեց, որ օրինակ, Ֆրանսիայում արվեստի բոլոր բուհերում ուսանելը անվճար է:
Անդրադառնալով բուհում սովորող արտասահամանցի ուսանողներին` նշեց, որ ակադեմիայում շատ են հատկապես պարսիկներ ուսանողները:
«Մեր կրթությունը որակյալ է, համապատասխան որակի ուսում Իրանում չեն կարող ստանալ: Բացի այդ, կերպարվեստի ասպարեզում իրենք պրոբլեմներ ունեն, քանի որ բնորդներ չեն օգտագործում, իսկ առանց բնորդի նկարիչը չի կարող նկարիչ դառնալ»,- ասաց նա: