Ցեղասպանության զոհերի ժառանգները ամերիկյան դատարանում պատասխանատվության են կանչում թուրքական կառավարությանը
Ամերիկահայ փաստաբանները հինգշաբթի, հուլիսի 29-ին, հայց են ներկայացրել Դաշնային դատարան ընդդեմ թուրքական կառավարության, ինչպես նաև երկու բանկի` պահանջելով փոխհատուցում շուրջ մեկ դար առաջ կատրաված Ցեղասպանության զոհերի ժառանգների համար, տեղեկացնում է «The Associated Press»-ը:
Ըստ աղբյուրի, վերոնշյալ երկու բանկերն են` Թուրքիայի Կենտրոնական բանկը և հնագույն, դեռևս 1860-ականներից գործող թուրքական Ziraat Bankasi բանկը:
Փաստաբան Բրայան Կաբատեկն ասել է, թե հնարավոր է գործընթացը տևի երեք տարի: «Բայց միևնույնն է մենք ամեն ինչ անելու ենք առաջ գնալու համար», -հավելել է նա:
Ըստ աղբյուրի, հայցվորներ են Կարբիս Դավույանը (Garbis Davouyan) Լոս անջելեսից և Հրայր Թուրաբյանը (Hrayr Turabian) Նյու Յորքից: Նրանք իրենց հայցում պնդում են, որ խախտվել են մարդու իրավունքները, ինչպես նաև միջազգային իրավունքները: Նրանք պահանջում են փոխհատուցել իրենց անշարժ գույքի, հողերի, բանկային հաշիվների, անգին մշակութային ու եկեղեցական գործերի կորստի համար:
Փաստաբան Մարկ Գիրագոսն ասել է, թե սա իր բնույթով առաջին հայցն է, որը պատասխանատվության է կանչում Թուրքիայի կառավարությանը: «Գործում ներգրավված բոլոր փաստաբաններն ունեցել են բարեկամներ ու հարազատներ, ովքեր կամ դարձել են ցեղասպանության զոհ կամ տեղահանվել են իրենց բնակավայրերից, ինչը գործին որոշ սրություն է տալիս», -հավելել է փաստաբանը, փոխանցում է «The Associated Press»-ը: