Ի՞նչ է լինելու Հայաստանի բաժին ցորենի հետ
Վրաստանի ծովափնյա անվտանգության ծառայության աշխատակիցները նախօրեին ձերբակալել են ուկրաինական «Ակկորդ» նավը, որը մեր երկիր պետք է փոխադրեր ցորեն: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալման փաստը պատճառաբանել են նրանով, որ նավը Աբխազիայի ջրային տարածք է մտել անօրինական ձևով: Ցորենով բեռնված նավը Սուխումիում է եղել այս տարվա հունիսին, անցել է Դոնի Ռոստովի նավահանգստով և պետք է հասներ Հայաստան:
Նավը տեղափոխվել է Փոթիի տուգանային նավամատույց, իսկ Ուկրաինայի 11 քաղաքացուց և մեկ ռուսից բաղկացած անձնակազմին մեղադրանք է առաջադրվել` վրացական ջրային տարածքում նավագնացության կանոնների խախտման համար:
Առաջիկա օրերին, ըստ աղբյուրի, դատարանը կքննի գործը և մեղքի առկայության դեպքում նավը կառգրավվի ու կդրվի աճուրդի: