Փաստաբան. Իրական սպանողները դրսում հանգիստ ման են գալիս
Մատաղիսի գործով փաստաբան Հայկ Ալումյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ գործի քննությունը շարունակվում է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում: Ըստ նրա, նիստեր գումարվում են, սակայն գործի քննությունը շատ դանդաղ է առաջ գնում, քանի որ բավականին ծավալուն է:
Հիշեցնենք, որ «Մատաղիս»-ի զորամասում 2 զինվորների (Ռոման Եզիազարյան ու Հովսեփ Մկրտումյան) սպանության համար մեղադրվում էին նույն զորամասի 3 զինծառայողներ (Ռազմիկ Սարգսյան, Մուսա Սերոբյան ու Արայիկ Զալյան): Դեպքը տեղի է ունեցել 2003 թվականի դեկտեմբերի 24-ին: Առաջին ատյանի դատարանի վճռով 15 տարվա, իսկ Վերաքննիչ դատարանի վճռով ցմահ ազատազրկման դատապարտված երիտասարդները Վճռաբեկ դատարանից ազատ են արձակվել, իսկ գործն ուղարկվել է լրացուցիչ քննության:
«Մենք ակնկալում ենք ճիշտ ու արդարացի լուծում: Բոլորը պետք է շահագրգռված լինեն, որ իրական մարդասպանները պատժվեն, սակայն արդեն 7 տարի է, ինչ արդարադատության առջև կանգնած են այդ սպանությունը չկատարողները, իսկ իրական սպանողները դրսում հանգիստ ման են գալիս: Նրանք շուտ թե ուշ հայտնաբերվելու են»:
Նախորդող նորություններ` Հ. Ալումյան. «Մենք սպասում ենք ոչ թե պատասխանի, այլ արդեն որոշումների կայացման»