«Այս նստաշրջանի օրակարգում էլ որևէ հայկական հուշարձան ներառված չէ»
Այս օրերին Բրազիլիայի մայրաքաղաքում ընթանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկն ընդլայնելու համար նախատեսված հերթական` 34-րդ նստաշրջանը, որտեղ որոշումներ են կայացվելու` ինչպիսի հուշարձաններով ընդլայնել համաշխարհային ժառանգության ցանկը կամ որ հուշարձանը հանել:
Panorama.am-ը մշակույթի նախարարությունից տեղեկացավ, որ այս նստաշրջանի օրակարգում ներառված չէ որևէ հայկական հուշարձան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ ընդգրկելու հարցը, թեև արդեն քանի տարի է, ինչ Հայաստանը Գնիշիկաձորի հովտի մշակութային լանդշաֆտը ցանկի մեջ ընդգրկելու հայտ է ներկայացնում, սակայն միշտ մերժվում է:
Իսկ մերժման պատճառները տարբեր են: Դեռևս նախորդ նստաշրջանի ժամանակ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Արտյոմ Գրիգորյանն ասել էր, որ «անելիքներ ունենք բնական լանդշաֆտի հետ կապված: Վերամշակումներ կատարելուց հետո` կրկին հայտ կներկայացնենք»:
Նախարարությունից մեզ հայտնեցին, որ հայտ ներկայացրել են, թեև այս նստաշրջանում կրկին ընդգրկված չէ:
«Երբ դեռ նախարարությունում էի աշխատում, մի նամակ ուղարկեցինք այն փաստարկների դեմ, որոնց համար հանում էին Գնիշիկաձորի հովտի մշակութային լանդշաֆտի ընդգրկման հարցը օրակարգից:
Նրանք հատուկ պահանջներ ունեն: Այն ժամանակ շատերը կարծում էին, որ հուշարձանի մոտ կառուցված ռեստորանն է պատճառը, որ անընդհատ մեր հայտը մերժում էին: Բայց այդքան էլ այդպես չէ: Այն երկիրը, որ ցանկի մեջ ընդգրկելու համար հուշարձան է ներկայացնում, պետք է ներկայացնի նաև ծրագիր` ինչ է նախաձեռնում պետությունը հուշարձանի պահպանման, հանրահռչակման համար: Նաև կազկոմիտեն ներկայացնում է մի շարք չափանիշներ, որոնց պետք է համապատասխանի տվյալ հուշարձանը այդ պահին և դրանից հետո»,- այս մասին Panorama.am-ին ասաց Էրեբունի թանգարանի տնօրեն, մշակույթի նախկին փոխնախարար Գագիկ Գյուրջյանը:
Գնիշիկաձորի լանդշաֆտն ընդգրկում է 500 հա տարածք, որի մեջ մտնում են մի քանի հուշարձաններ: Պատմամշակութային հուշարձաններից նշանավոր են Նորավանքի վանական համալիրը, Արենիի եկեղեցին, որոնց կից կան մի շարք պատմամշակութային և բնության արժեքներ:
Նշենք, որ ՅՈՒՆՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված են 890 օբյեկտ` 148 երկրից: Հայկական մշակութային հուշարձաններից ընդգրկված են երեքը` Սանահին-Հաղպատ եկեղեցիները, Գեղարդավանքը Ազատ գետի հովտով և Էջմիածնի եկեղեցիները, խաչքարերն ու Զվարթնոցի հնավայրը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ մտնում են համամարդկային արժեք ունեցող հուշարձանները: Եթե տարիներ առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր ցանկի մեջ ընդգրկում էր կոնկրետ օբյեկտներ, ապա այժմ` լանդշաֆտներ, միջավայր, այսինքն` չի անդրադառնում մեկ հուշարձանի: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ ընդգրկվող ցանկացած հուշարձան պետք է պահպանած լինի իր նախնական տեսքը, այսինքն` չպետք է այդ տարածքում նոր շինություններ կառուցված լինեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները