Պարսավանք Ադրբեջանին. ԵԱՀԿ-ն մամուլի ազատության վերաբերյալ զեկույց է հրապարակել
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը իր առաջին զեկույցն է ներկայացրել, որտեղ գնահատական է ներկայացվում ԵԱՀԿ անդամ 56 երկրների զանգվածային լրատվության միջոցների ազատության վերաբերյալ: Ըստ Միյատովիչի զեկույցի, գովասանքի է արժանացել Իսլանդիան, իսկ պարսավանքի` Ադրբեջանը, գրել է ավստրիական Die Presse-ն:
Միյատովիչը կարևոր է համարել այն, որ դեպի ինտերենետ ազատ մուտք է ապահովված Թուրքիայում, Ուզբեկստանում ու Թուրքմենստանում, որը, ցավոք, շատ հաճախ սահմանափակվում է:
Շատ խիստ գնահատականի է արժանացել, մասնավորապես Ադրբեջանը, որտեղ մամուլի ազատություն գրեթե չկա: Նա իր զեկույցում նշել է, որ բազմիցս է դիմել Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարությանը ազատ արձակել ձերբակալված լրագրողներին, բլոգերներին: Մասնավորապես, «Ռեալնի Ադրբեջան» թերթի խմբագիր Էյնուլ Ֆաթուլլաևի գործն է անհանգստացրել Միյատովիչին. Ֆաթուլաևի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արդարացման վճիռ էր կայացրել: Բայց չնայած այդ փաստին, հուլիսի 7-ին Գարադագի շրջանային դատարանը հրապարակել է ազատազրկման մեջ գտնվող լրագրող Էյնուլա Ֆաթուլաևի գործով դատավարության վճիռը, համաձայն որի վերջնիս ազատազրկման ժամկետը ավելացվել է ևս 2.5 տարով:
«Այս վճիռը ցույց է տալիս, որ Ադրբեջանը չունի քաղաքական կամք իրագործելու ԵԱՀԿ առջև ստանձնած խոսքի ազատության հետ կապված իր պարտականությունները: Իմ գրասենյակը կշարունակի անմիջականորեն հետևել Ֆաթուլաևի գործին և կշարունակի պնդել, որ այդ լրագրողը, ինչպես նաև մյուս երկու բլոգերները ազատ արձակվեն», -նշված է Միյատովիչի զեկույցում, տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքէջից:
Ինչև, Ադրբեջանին ուղղված պարսավանքի կողքին, գովասանքի է արժանացել Իսլանդիան: «Եթե Իսլանդիայում լրագրողների համար նախատեսված պաշտպանական փաթեթն իրագործվեց, ապա դա կարող է լինել լրագրողի ազատ արտահայտման ուժեղագույն միջոց», -նշել է ԵԱՀԿ ներկայացուցիչը: