
Ադրբեջանում հանրահավաքի մասնակիցները կրկին «Հրաժարական» են վանկարկել
Նախօրեին,ադրբեջանական ոստիկանությունը ցրել է Ազգային ճակատ և Մուսավաթ կուսակցությունների համատեղ հանրահավաքը: Այն կազմակերպվել էր քաղաքի կենտրոնում՝ հավաքների ազատություն, առաջիկա խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համահահունչ կազմակերպելու և ԼՂ հիմնախնդրի բանակցությունները Ադրբեջանի ազգային շահերին համահունչ անցկացնելու կարգախոսներով: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Մինչ հանրահավաքի սկիզբը, արդեն իսկ մեծ թվով ընդդիմադիր ակտիվիստներ էին ոստիկանություն տարվել: Դրանից զատ, ոստիկանության մեծ թվով ստորաբաժանումներ էին տեղակայվել քաղաքի կենտրոնական վայրերում՝ այգիներում, հրապարակներում:
Ազգային ճակատ կուսակցության ակտիվիստների առաջին խումբը «Նարգիզ» առևտրի կենտրոնի դիմաց հավաքվելով վանկարկել են «Ազատություն», «Ազատ ընտրություններ», «Հրաժարական»: Սակայն ոստիկանները միանգամից ցրել են ակտիվիստներին՝ մոտ 15-20 մարդու տեղափոխելով ոստիկանություն: Դրանից մոտ 5 րոպե հետո, ևս 20 մարդ ձերբակալվել է, ընդ որում՝ ոստիկանները ձեռքով փակել են այն ակտիվիստների բերանները, ովքեր «Հրաժարական» էին վանկարկում:
Ընդհանուր ձերբակալվածների թիվը հասնում է 100-ի: Նշենք, որ սա վերջին 4 ամիսներին ընդդիմության 7-րդ հանրահավաքն էր, որի ընթացքում ոստիկանները ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ ուժ են կիրառել: