Սոնա Շահգելդյանը Յուրմալայից բերում է ամենախոշոր դրամական պարգևը` 50 հազար եվրո
«Նովայա վոլնա-2010» միջազգային երգի փառատոնի հաղթող Սոնա Շահգելդյանը ստացել է մրցանակային ֆոնդից ամենախոշոր գումարը` 50 հազար եվրո: Մրցույթից հետո լրագրողներին Շահգելդյանն ասել է, թե գումարի մի մասը պատրաստվում է ծախսել անտուն ու թափառական կենդանիներին օգնություն ցուցաբերելու համար:
«Մրցանակից ինչ-որ մաս կծախսեմ անօգնական ու անտուն կենդանիների վրա, իսկ մյուս մասը կծախսեմ ինձ վրա», -ասել է հայաստանցի երգչուհին:
Կիրակի երեկոյան պաշտոնապես հայտարարվեցին մրցույթի հաղթողները և նրանց հանձնվեցին իրենց բաժին դրամական պարգևները:
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին տեղի ունեցած մրցույթի եզրափակիչ փուլում Սոնան գրավեց առաջին տեղը` ստանալով 288 բալ: Նրանից հետո մեկ բալի տարբերությամբ երկրորդ տեղը գրավեց Ուկրաինայի ներկայացուցիչ Տատյանա Շիրկոն, իսկ երրորդ տեղը` Էստոնիան ներկայացնող երգիչ Ուկու Սուվիստեն:
Մրցույթի նպատակն է բացահայտել երիտասարդ տաղանդավոր կատարողների: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո: Մրցույթի հաղթողը կստանա դրամական մրցական` 50 հազար եվրո: Երկրորդ տեղում հայտնված կատարողը կստանա 30 հազար եվրո, իսկ երրորդը` 20 հազար եվրո:
Նշենք, որ մրցույթի կազմկոմիտեն ստացել էր 12000 մասնակցության հայտ 31 երկրից: Եզրափակիչ էին դուրս եկել 17 կատարող 12 երկրից` Ռուսաստանից և Ուկրաինայից երեքական մասնակից, Բելոռուսից, Էստոնիայից, Լատվիայից (երկու մասնակից), Ադրբեջանից, Բուլղարիայից, Ղազախստանից, Ֆինլանդիայից, Բրազիլիայից ու Իսրայելից: Հիշեցնենք նաև, որ մրցույթին մասնակցում էր մեր մի հայրենակից ևս` Ռուսաստանը ներկայացնող Music Hayk-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում