Իլհամ Ալիևի` ԶԼՄ-ներին նվիրած 1 միլիոն մանաթը կարող է նախընտրական հուզումների պատճառ հանդիսանալ
Ադրբեջանի նախագահի հրամանով մամուլի օրվա կապակցությամբ երկրի ազգայնական և արևմտամետ լրատվամիջոցներին որպես պարգև հատկացվել է մեկ միլիոն մանաթ, իսկ անկախ և իսլամամետ լրատվամիջոցներին` ոչինչ: Այդ մասին հայտնում է իրանական «թաբնաք.իռ» կայքը:
«Իսլամամետ լրտավամիջոցների նկատմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նման վերաբերմունքը առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարող է մեծ հուզումներ առաջացնել բնակչության շրջանում և Ադրբեջանի Հանրապետության իշխող ռեժիմի հետ առճակատման առիթ հանդիսանալ»,-նշված է կայքում:
Ըստ հաղորդագրության` Բաքվի պաշտոնյաները կրոնական ազատությունը դիտում են որպես իրենց իշխանությանը սպառնացող վտանգ, այդ իսկ պատճառով քանդում են շիական մզկիթներ, արգելում կրոնական գրականության տպագրությունն ու տարածումը:
Հիշեցնենք, որ իրանական «ռահվա.իռ» կայքի փոխանցմամբ` վերջերս Ադրբեջանի կառավարության հրամանով Ադրբեջանի գրախանութներում նաև արգելվել է վաճառել շիիզմի վերաբերյալ իրանցի ազդեցիկ հոգևորականների հեղինակած գրքերը: