Երևանյան ջրավազանները փրկում են մամռակալումից
Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ընկերության աշխատակիցները յոթ օրը մեկ հիմնովին մաքրում են երևանյան շատրվանների պոմպերը, խողովակները, մաքրում են ջրավազանի հատակը մամռակալումից: Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ջրային կառույցներ» ընկերության տնօրեն Միքայել Վարդանյանը, քաղաքի շատրվաններն ու ջրային կառույցներն այսպես երբևէ չեն մաքրվել:
«Ուղղակի չենք ունեցել համապատասխան տեխնիկա, որպեսզի կարողանայինք շատ լավ, հիմնովին մաքրեինք մամուռներից ու այլ կեղտերից», -նկատեց քաղաքապետարանի պաշտոնյան:
Տեղեկացրեց, որ Երևանի քաղքապետի հանձնարարությամբ իրենց ընկերությունում ստեղծվել է «Լվացման և մաքրման» հատուկ ծառայություն, որը համալրել են Գերմանական «Կերխեր» ֆիրմայի արտադրության նոր, ժամանակակից հատուկ տեխնիկական միջոցներով ու անցել են գործի:
Վարդանյանի խոսքով, նախկինում շատ է եղել մամուռի առկայությունը ջրավազաններում, հիմա համապատասխան մաքրում-լվացումն անելուց հետո, ամեն օր, նրա հավաստմամբ, ընկերության աշխատակիցները քլոր են լցնում ջրավազանների մեջ` մամռակալումից պաշտպանելու համար:
Վարդանյանի խոսքով, իրենց աշխատակիցները մաքրում են այն կառույցները, որոնց ցանկը տրամադրվել է քաղաքապետարանի կողմից: Այդ ցանկում ընդգրկված է 16 ջրային կառույց` Երևանի Նոր Նորք, Շենգավիթ, Կենտրոն ու այլ վարչական համայնքներից: Մասնավորապես, բոլորիս հայտնի Վերնիսաժի այգու շատրվաններն այդ ցանկում չկան: «Այդ ջրավազանները հնարավոր չէ շահագործել առանց կապիտալ վերանորոգման: Երբ քաղաքապետարանը գումարներ գտնի ու դրանք վերանորոգվեն, նոր միայն կհանձնվի մեզ մաքրման», -բացատրեց Վարդանյանը:
Նկատենք, որ նշված հատուկ տեխնիկան ձեռք բերելու նպատակով ծախսվել է 6 մլն դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում