Մուհամեդ մարգարեի մահվան օրը նշելու համար Ադրբեջանում ազատազրկման են ենթարկվում
Ինչպես հայտնի է, փետրվարի 13-ին Բաքվում, մի խումբ հավատացյալների կողմից կազմակերպված ակցիան ոստիկանության կողմից, ուժի գործադրմամբ ցրվել էր, ինչի արդյունքում մի շարք հավատացյալներ ձերբակալվել էին: Նշենք, որ այդ օրը հավատացյալները նշում էին Մուհամեդ Մարգարեի մահանալու օրը և փորձել են երթով հասնել շեհիդների պուրակ, ինչը ոստիկանության կողմից հակազդեցություն էր առաջացրել:
Եվ ահա այսօր, Յասամալի դատարանը մի խումբ հավատացյալների գործով դատավճիռ է կայացրել:
«Թուրան» լրատվական գործակալության հետ զրույցում, հավատացյալների փաստաբան Ֆահրեդին Մեխտիևը հաղորդել է, որ ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել քրեական օրենսգրքի 315.2 (իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալ), 221.3 (խուլիգանություն) հոդվածներով:
Եվ այսպես, Էլչին Աբբասովն ու Սեյմուր Հուսեյնովն ազատազրկվել են 4 տարի, Էլմար Սամեդովը, Ագալին Յախյաևը և Բիլալ Ահմեդովը 4.5 տարի ժամկետով:
«Հետաքննությունը ոչ օբյեկտիվ է տարվել և այս մարդիկ անմեղ են, ինչը և ապացուցվել է դատական նիստերի ընթացքում: Սակայն դատարանը առաջնայնությունը տվեց նախապես եղած հետաքննական նյութերին»,- ասել է հավատացյալների փաստաբանը: