Շուրջ 11 500 դիմորդ կդառնա ուսանող
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց` Լեռնային Ղարաբաղին հատկացված նպատակային տեղերի հատկացման և ՀՀ պետական բուհերի անվճար և վճարովի տեղերի անվանական ցանկերի հաստատման վերաբերյալ հարցերը: Այս մասին տեղեկացանք ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ կրթության և գիտության նախարար, Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ նախորդ տարվա համեմատությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացված տեղերն ավելացել են 10-ով: ԼՂՀ-ին հատկացված 70 տեղը լրացվել է հետևյալ համամասնությամբ. 16 դիմորդ ընդունվել է ներբուհական, իսկ 44-ը` միասնական քննույթունների արդյունքներով: 10 տեղ հատկացվել է ՀՀ ոստիկական ակադեմիային:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը հաստատել է նաև ՀՀ բուհերի անվճար և վճարովի տեղերի անվանական ցանկերը և տրամադրել բուհերին` հրապարակելու համար: Այս տարի ՀՀ պետական բուհեր են ընդունվել շուրջ 11 500 դիմորդ: