«ՀեծանվաBOOM». Հայ բնապահպանները յուրահատուկ ձևով են դիմավորելու Սերժ Թանկյանին
Սերժ Թանկյանը շատ է ուզում բարձրակարգ համերգ տալ Երևանում, այդ պատճառով նրա հանդիպումների շրջանակը խիստ կրճատվել է: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ամերիկահայ աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի երևանյան համերգի կազմակերպիչ Deem Communications-ի հանրային կապերի պատասխանատու Սոֆյա Բլբուլյանը:
«Երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների մասին կտեղեկացնենք ավելի ուշ», -հավելեց Բլբուլյանը` նկատելով, որ Թանկյանը համերգային շրջագայությունների մեջ է և Երևանում մնալու է մեկ օր:
Ռոք երգչի հետ հանդիպում ծրագրում են հայ բնապահպանները:
«Հեծանիվ+» հասարակական կազմակերպությունը Թեղուտի պաշտպանության խմբի հետ համատեղ կազմակերպում է «ՀեծանվաBOOM»` Թանկյանի Երևան ժամանման կապակցությամբ:
Նկատենք, որ Թանկյանը հայտնի է իր բնասիրությամբ ու բնության պահպանությանը նվիրված ակցիաներին մասնակցությամբ:
«ՀեծանվաBOOM»-ի շրջանակներում հայ բնապահպան հեծանվորդները օգոստոսի 11-ի երեկոյան գիշերային Երևանում հեծանվարշավ են կազմակերպում: Հեծանվարշավի երթուղին դեռևս հստակեցվում է:
«Եկեք արժանվույն դիմավորենք մեր ԷկոՀերոս Սերժ Թանկյանին: Նա բազմիցս հնչեցրել է բեմերից իր վերաբերմունքը հանդեպ ԲՆՈՒԹՅԱՆԸ, առողջ ապրելակերպին, բնության հետ ներդաշնակ կյանքին: Սերժն ուղղակի պետք է տեսնի, որ կան մտահոգ մարդիկ, բնապահպաններ, հեծանվորդներ, ովքեր աջակցում են այս գործին և պայքարում են բնությունը պահպանելու համար, և որ ինքը միայնակ չէ», -ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Նշենք, որ Թանկյանի երևանյան համերգը կայանալու է օգոստոսի 12-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին