«Օբյեկտիվություն ապահովելու համար` sms քվեարկություն չի լինելու». Դ. Մնացականյան
Այսօր ավարտվում է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության կողմից հայտարարված «Մանկական Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին մասնակցել ցանկացողների հայտերի ընդունման ժամկետը:
«Հ1»-ի գործադիր տնօրենի հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը Panorama.am-ին ասաց, որ միայն մեկ շաբաթից իրենք կհայտարարեն, թե քանի հայտ են ընդունել, հատուկ ստեղծված հանձնաժողովը որ 30 լավագույն երգն է ընտրել:
Հիշեցնենք, որ նախապես մայիսի 20-ն էր հայտարարված հայտերի ընդունման վերջնաժամկետ, սակայն հետագայում, ընդառաջ գնալով բազմաթիվ խնդրանքների, հայաստանյան նախընտրական փուլի կազմկոմիտեն երկարաձգել էր ժամկետը:
Նախընտրական երկրորդ և երրորդ (եզրափակիչ) փուլերն անցկացվելու են համապատասխանաբար օգոստոսի 26-ից 28-ը ներառյալ և օգոստոսի 29-ին արդեն պարզ կլինի, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2010»-ում:
Դ. Մնացականյանը նաև ասաց, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, հաղթողն ընտրվելու է ոչ թե ժյուրիի և sms-քվեարկության արդյունքների հիման վրա` 50% - 50% հարաբերակցությամբ, այլ միայն պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից: «Նման որոշում ընդունեցինք բոլոր մասնակիցների համար առավելագույն հավասար պայմաններ ապահովելու համար. հարուստ ծնողներ ունեցող երեխաները, ովքեր կարող են ապահովել շատ քանակությամբ sms-ներ լինեն նույն հարթության վրա, ինչ այն ծնողների երեխաները, ովքեր չեն կարող ապահովել այդքան շատ sms-ներ: Հատկապես «Մանկական Եվրատեսիլի» ժամանակ ծնողներն ամեն ինչ անում են, որ իրենց երեխան հաղթի: Օբյեկտիվություն ապահովելու համար հաղթողին ընտրելու է պրոֆեսիոնալ ժյուրին»,- մանրամասնեց նա:
«Մանկական Եվրատեսիլ-2010» տեղի է ունենալու Մինսկում նոյեմբերի 20-ին:
Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է 2003 թվականից: Մրցույթին մասնակցում է Եվրոպական հեռարձակողների միության անդամ-երկրներից մեկական ներկայացուցիչ: Մրցույթին կարող են մասնակցել 10-15 տարեկան երեխաներ:
Հայաստանը մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007թ-ին. «Արևիկ» մանկապատանեկան համույթի սաները հանդես եկան «Երազանք» երգով` զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: 2008թ-ին Հայաստանը ներկայացրեց 13-ամյա Մոնիկա Մանուչարովան իր «Իմ երգի հնչյունը» երգով` զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը, իսկ նախորդ տարի Լուարա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով զբաղեցրեց կրկին 2-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին