«Ուշադրություն դարձրեք Երևանի թիվ 18 հատուկ դպրոցի վրա»
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (ՔՀԻ) նամակով դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հ. Հովսեփյանին և կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին ուշադրություն դարձնել Երևանի թիվ 18 հատուկ դպրոցի վրա:
Ինստիտուտը պահանջում է մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը (սեպտեմբերի 1-ը) վերջնական լուծում տալ 18 դպրոցի լուծարման հարցին ու հայցում պաշտոնյաների հրատապ արձագանքը:
Նկատենք, որ նույն դպրոցը լուծարելու որոշում է կայացվել, սակայն մինչ այժմ էական գործ այդ ուղղությամբ չի կատարվել:
ՔՀԻ-ին տարածած հայտարարության մեջ` վկայակոչելով ԿԳՆ պաշտոնական կայքէջում տեղադրված Կրթության տեսչության Երևանի թիվ 18 հատուկ դպրոցում իրականացված ստուգման հաշվետվությոունը, մեջբերում է. «Օրենսդրության խախտումով դպրոցում գրանցված երեխաները շարունակում են գրանցված մնալ, չնայած նրան, որ ԿԳ նախարարի ստեղծած հանձնաժողովը բոլոր երեխաների հետագա տեղաբաշխման վերաբերյալ առաջարկներ էր տվել: Առջևում սեպտեմբերի մեկն է՝ անթույլատրելի է, որ դպրոցը մնա նույն լուծարվող, սակայն չլուծարված կարգավիճակում, մանկավարժական կազմը շարունակի աշխատել՝ ամեն րոպե զգալով փողոցում հայտնվելու վտանգը, երեխանների մեծ մասը գրանցված մնա այնտեղ օրենսդրության խախտումով»: