Դպրոցներում պայքարում են կոռուպցիայի դեմ. dasaran.am-ի միջոցո՞վ
2009-2010 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից Երևանի թիվ 114 և 177 դպրոցներում ներդրվել է աշակերտների վիրտուալ օրագրերի համակարգը` dasaran.am կայքէջում: Այսօր Կրթության, գիտության նախարարությունում տեղի է ունեցել կայքէջի շնորհանդեսը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ կայքը հնարավորություն է տալու նախարարությանը ծանոթանալ դպրոցների գործունեության ընդհանուր վիճակագրությանն ու կուտակվող ամենօրյա տեղեկատվությանը, որն էլ իր հերթին կբացառի դպրոցներում կոռուպցիոն ռիսկերի դրսևորմանը` կապված հետին թվով գնահատականներ դնելու, գնահատականներ բարձրացնելու և այլ տեսակի տհաճ երևություներից:
Dasaran.am կայքի տնօրեն Պ. Հովհաննիսյանը իր հերթին նշել է, որ ինտերնետային կայքի նպատակն է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ամրապնդել դպրոց-ընտանիք համագործակցությունը` բարձրացնելով կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետությունը: Համակարգի ներդրումը միաժամանակ շահեկան է ինչպես ծնողների, այնպես էլ ուսուցիչների և տնօրենների համար: Այն հնարավորություն է տալիս ծնողին ամենօրյա տեղեկություններ ստանալ իր երեխայի առաջադիմության, վարքի, օրվա հանձնարարությունների, ինչպես նաև հաճախումների վերաբերյալ և բացահայտված խնդիրներին հրատապ լուծումներ տալ: Ինտերնետային կայքն ուսուցչի աշխատանքը դարձնում է առավել թափանցիկ` ուսուցիչ-ծնող համագործակցությունն առավել դյուրին:
Ըստ Հովհաննիսյանի, ինտերնետային կայքը հնարավորություն է տալիս դպրոցի տնօրենին բարձրացնել դպրոցի կառավարման և ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետությունը, ապահովում առաջադիմության և կարգապահության վերաբերյալ ամենօրյա տեղեկատվություն ինչպես ամբողջ դպրոցի, այնպես էլ դասարանի ու յուրաքանչյուր աշակերտի առումով:
Յուրաքանչյուր աշակերտի էջը հասու է լինելու միայն տվյալ ծնողին, ով դրանից օգտվելու է համապատասխան ծածկագիրը մուտքագրելուց հետո: