Օգոստոսի 10-15. Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոն` նվիրված Լեոնիդ Ենգիբարյանի 75-ամյակին
Օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում տեղի է ունենալու Մնջախաղի թատրոնների երկրորդ միջազգային փառատոնը, որը նվիրված է լինելու կրկեսի, էստրադայի և կինոյի արտիստ, ծաղրածու, մնջախաղի վարպետ Լեոնիդ Ենգիբարյանի 75-ամյակին: Նշենք, որ փառատոնը հենց նրա անունով էլ կոչվելու է:
Այս տարի փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել մնջախաղի ժանրին պատկանող թատրոններ ԱՄՆ-ից, Վրաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից և Չեխիայից: Փառատոնին մասնակցելու են նաև Հայաստանում գործող մնջախաղի թատրոններ (Երևանի մնջախաղի պետական թատրոն, Միմ ստուդիո, Միհր, Օվասիս, Անվերջ թատերական կղզի, Շրջիկ թատրոն, Համլետ Չոբանյան, Հայկ Զորիկյան): Մասնակիցները 5 օրերի ընթացքում իրենց արվեստը ներկայացնելու են ցերեկվա ժամերին Ծաղկաձորի փողոցներում, իսկ երեկոյան` փառատոնի բացօթյա բեմում: Ամեն երեկո կազմակերպվելու են թատերական վարպետության դասեր, ֆորումներ, քննարկումներ:
Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի մնջախաղի պետական թատրոնի, Ազգային թատերական ստեղծագործական միավորման, Հայաստանի թատերական գործիչների միության և Ծաղկաձորի քաղաքապետարանի համատեղ ջանքերով:
Հիշեցնենք, որ Մնջախաղի թատրոնների առաջին միջազգային փառատոնը անցկացվել է 2008 թ. օգոստոսի 10-15-ը: Փառատոնն անցկացվում է 2 տարին մեկ անգամ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին