Թուրքիան Իրանին 600 միլիոն դոլար տուգանք է վճարել
Թուրքիան, խախտելով Իրանի հետ կնքած գազային պայմանագրի դրույթները, Իրանին 600 միլիոն դոլար տուգանք է վճարել: Այդ մասին հայտնում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Թուրքական «Բութաշ» և «Իրանի ազգային գազային ընկերության» միջև ստորագրված պայմանագրի համաձայն` Թուրքիան պարտավոր է Իրանից օրական 30 միլիոն խորանարդ մետր գազ ներկրել, սակայն անցյալ տարի թուրքական ընկերությունը միջին հաշվով օրական 25 միլիոն խորանարդ մետր գազ է գնել:
Իրանի նավթի նախարար Սեյյեդ Մասուդ Միրքազեմին խնդրի կապակցությամբ նշել է. «Կողմերը պետք է հավատարիմ մնան պայմանագրի դրույթներին, այս պարագայում, Թուրքիան չկատարելով պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, պետք է համապատասխան տուգանք վճարի»:
Հիշեցնենք, որ «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` վերջերս Ադրբեջանի, Թուրքիայի և Նախիջևանի միջև նոր պայմանագիր է ստորագրվել, ըստ որի` նախատեսվում է Ադրբեջանի տարածքից տարեկան 500 միլիոն խորանարդ մետր գազ արտահանել Թուրքիա, որտեղից էլ առանց տարանցման վճարների Թուրքիան ադրբեջանական գազը կառաքի Նախիջևան: