Ա.Ալիև. «Ադրբեջանում թրաֆիքինգը օլիգարխներն են հովանավորում»
Ադրբեջանում թրաֆիքինգի խնդիրը ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է: Թեև ադրբեջանական իշխանությունները մինչ այժմ հերքում էին Ադրբեջանում ներքին օրգանների վաճառքով զբաղվող մաֆիայի գործունեությունը: Սակայն, Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է տարածել, որ այդ երկրում բացահայտված ներքին օրգանների առևտրով զբաղվող մաֆիան սերտ համագործակցության մեջ է Ադրբեջանի իր գործընկերների հետ, ինչից պարզ է դառնում, որ մաֆիայի զոհերի օրգանները հանվել են Բաքվի որոշ հիվանդանոցներից:
Թեմայի հետ կապված «Բիզիմ յոլ» տեղեկատվական կայքի հետ զրույցում Ադրբեջանի միգրացիայի կենտրոն հասարակական միության ղեկավար, իրավագետ Ալովսաթ Ալիևն ասել է, որ թեև Ադրբեջանում թրաֆիքինգի դեմ պայքարի պետական կառույցներ կան, օրենքներ են ընդունվել և ազգային կոորդինատոր է նշանակվել, սակայն, ԱՄՆ պետքարտուղարության թրաֆիքինգի վերաբերյալ հրապարակած զեկույցում Ադրբեջանը նշված է վերջին խմբում, ինչից պարզ է դառնում, որ Ադրբեջանը լրջորեն թերանում է այդ հարցում: «Ինչ մնում է Ադրբեջանում ներքին օրգաններով զբաղվող մաֆիայի գործունեությանը, ապա մինչ այժմ պաշտոնապես հաստատվել է, որ 1990-1993 թթ-երին ադրբեջանցի երեխաներ են տարվել Իսրայել: Ադրբեջանի պատկան մարմինները պետք է լրջորեն հետազոտեն Ուկրաինայի ՆԳՆ հրապարակած տեղեկատվությունը և պաշտոնական որոշում ընդունեն դրա ճշմարիտ լինել-չլինելու մասին», -ասել է նա:
Այն փասատի մեջ, որ Ա.Ալիևը նշել է, որ ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիայով ֆինանսական նպատակներով մարդու կողմից իր ներքին օրգանի վաճառքը հանցագործություն է, իսկ Ադրբեջանի քրեական օրենսգրքով այն որպես հանցագործություն չի դիտվում, ինչը խիստ հակասություն է ստեղծում: «Ասել, որ մարդու կողմից իր սեփական օրգանների վաճառքը հանցագործություն չէ` սխալ է: Այդ դեպքում ինչու՞ ենք վարչական պատասխանատվության ենթարկում այն կնոջը, որն ինքնակամ վաճառում է իր մարմինը: Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի թրաֆիքինգի հարցում: Բազում փաստեր կան, որ օտար երկրներից մեծ թվով մարդիկ են բերվում այստեղ աշխատացնելու համար: Պարզ է, որ դա անում են որոշակի օլիգարխներ և իրավունակ անձինք: Ադրբեջանում բացակայում է աշխատուժի շահագործման փաստերի դեմ պայքարը: Ադրբեջանը թրաֆիքինգի և´ նեցուկ, և´ տարանցիկ երկիր է», -ասել է իրավագետ Ա.Ալիևը: