Ադրբեջանցի քաղաքագետ. «Բաքուն պետք է մաքրել հայերից և քրդերից»
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի մտերիմը համարվող ճանաչված քաղաքագետ Ջումշուդ Նուրիևը «Հուրիեթ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ադրբեջանական կառավարության մեջ քրդերի ներկայացվածությունը 21 տոկոս է, իսկ հայերինը` 19 տոկոս: Այս մասին հայտնել են ընդդիմադիր «Ազադլըգ» և «Ենի Մուսավաթ» թերթերը` նշելով, որ այդ հայտարարությունը շոկ է առաջացրել Ադրբեջանում:
«Ներկայիս խորհրդարանում էթնիկ խմբերի ներկայացվածությունը 50 տոկոսից ավել է… Այս պահին էթնիկ խմբերը մեր ձեռքից խլել են մեր բոլոր իրավունքները: Այն դեպքում, երբ երկրում բնակչության 80 տոկոսը ազերի թուրքեր են, այդ 20 տոկոս էթնիկ փոքրամասնություններն իրենց իշխանության տակ են պահում Ադրբեջանի 80 տոկոսին… Բաքուն պետք է մաքրել նաև հայերից: Նրանց ներկայությունը և´ խորհրդարանում, և´ իշխանության մեջ մոտ 19 տոկոս է: Այսինքն` կառավարության և խորհրդարանի մեկ հինգերորդի կամ մայրը, կամ կինը հայ է: Այսպես մենք ու±ր ենք գնում», -հայտարարել է նա:
Թեմայի հետ կապված` լրագրող, «Խալգ գազեթի» թերթի նախկին խմբագիր Մահալ Իսմայիլօղլուն «Ազադլըգ»-ի հետ զրույցում ասել է, որ միանշանակ հավատալու չէ, որ իշխանությունը կարող է երես թեքել քրդերի և հայերի նկատմամբ իր ֆանատիզմից: Ժամանակ առաջ մամուլում տեղեկություններ էին հրապարակվել իշխանությունը թրքացնելու ուղղությամբ Ք.Հեյդարովի մղած պայքարի մասին: Ջ.Նուրիևի հայտարարությունն այդ քաղաքականության շարունակությունն է: Պատահական չէ, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն Բոդրումում իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ պահանջել է թուրքական կողմին հանձնել «Քրդական աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) հետ կապեր ունեցող 5 անձի`պաշտոնյաներ և գործարարներ, որոնք, ըստ թուրքական կողմի համոզվածության, ֆինանսավորում են Թուրքիայում ահաբեկչություն կատարող քուրդ զինյալներին: Իշխանության ներկայիս կազմն այնպես է ձևավորվել, որ այնտեղ անհնար է անգամ ժամանակավոր փոփոխություն կատարել: Հնարավոր է, որ հաջորդ խորհրդարանում մեկ-երկու քուրդ և ծագումով հայ պատգամավոր պակասի, սակայն հիմնականում ծագումով հայ պաշտոնատար անձանց փոփոխությունը հավատալու չէ: Եթե այլ կերպ լիներ, այդքան բացահայտ ներկայացված չէր լինի Ադրբեջանի իշխանության կապը ՔԱԿ հետ», -համոզմունք է հայտնել Մ.Իսմայիլօղլուն:
«Ենի Մուսավաթ»-ում Ջ.Նուրիևի այդ սենսացիոն հայտարարությանն արձագանքել է Քաղաքացիական համերաշխություն կուսակցության (VHP) առաջնորդ Սաբիր Ռուստամխանլըն` ասելով, որ անհրաժեշտ է շատ լուրջ մոտենալ Ջ.Նուրիևի ասածներին: «Ադրբեջանում պաշտոնատար մարդիկ դժվարանում են խոսել իրենց ծագման մասին: Խնդիրը հենց սրանում է: Բայց խնդիր է նաև այն հանգամանքը, որ և´ տնտեսության, և´ քաղաքականության մեջ ամենաշատը ադրբեջանցի թուրքերն են ճնշվում», -ասել է նա:
Հզոր համակարգ կուսակցության (BGP) նախագահ, պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի կարծիքով էլ կառավարության մեջ և խորհրդարանում նման տոկոսների առկայության մասին խոսակցությունները հասկանալի չեն: «Եթե նման հստակ վիճակագրություն ունեն, թող հրապարակեն անուն առ անուն: Խորհրդարանում այլ ազգությունների ներկայացվածությունը բնական է: Բայց, եթե փաստեր կան նրանց որևէ հակաադրբեջանական գործունեության մասին, թող հրապարակեն: Թե չէ, նման վերացական հայտարարություններին արձագանքելը դժվար է մեզ համար: Եթե որևէ մեկի ծագման մեջ այլ ազգություններ էլ կան և մարդը հավատարմորեն ծառայում է Ադրբեջանի շահերին, նրան նեղացնելը վտանգավոր հետևանքների կբերի», -ասել է Ֆ.Մուստաֆան: