Սերժ Թանկյան. «Վնաս չկա` էլի կուգամ»
«System of a Down-ը միավորման պլաններ չունի», -այսօրվա ասուլիսում, երեկոյան կայանալիք մենահամերգից առաջ, լրագրողներին տեղեկացրեց ամերիկահայ երգիչ Սերժ Թանկյանը` պատասխանելով արդյո՞ք հնարավոր է, որ Sistem of a Down-ը միավորվի, թեկուզև հայաստանյան գեթ մեկ համերգի համար և արդյո՞ք համաշխարհային ճանաչում ունեցող ռոք խմբի վերամիավորման մասին քննարկումներ կան հարցերին:
Ի դեպ, հայաստանյան համերգի գաղափարն էլ նա բավականին լավը որակեց:
Շարունակեց` «Նման միավորված համերգներ տալու հրավերներ ու առաջարկներ շատ ենք ստանում, սակայն որոշում այդ իմաստով չի կայացվել, թեպետ և որևէ բան բացառելն էլ ճիշտ չէ: Կարևորն այն է, որ մենք շատ լավ բարեկամ-ընկերներ ենք և եթե նման որոշում լինի անպայման հանրությանը կտեղեկացնենք խմբի կայքի միջոցով»,- ավելացրեց նա:
Ինչ վերաբերում է կոնկրետ իր` Ս.Թանկյանի սոլո-կարիերային, ապա նկատելի է, որ նա բավականին շատ է հանդես գալիս տարբեր երկրների սիմֆոնիկ նվագախմբերի մասնակցությամբ:
Արդյո՞ք չի պատրաստվում Հայաստանում էլ այդ բարի ավանդույթը կյանքի կոչել հարցին ամերիկահայ երգիչը պատասխանեց. «Հուսամ, որ մի օր կգամ և սիմֆոնիկի հետ այստեղ համերգ կունենանք»:
Իսկ ահա այսօր երեկոյան կայանալիք համերգը իր բովանդակությամբ բացառիկ է, քանի որ դրանով Ս.Թանկյանը սկսում է Imperfect Harmonies շրջագայությունը` նույնանուն ձայնասկավառակի թողարկմամբ, որի պատճառով էլ, ի դեպ, չնայած մեծ ցանկությանը, երկար չի կարողանա հյուրընկալվել Հայաստանում: Թեպետ ինչպես նա ասաց` «Վնաս չկա` էլի կուգամ», - շեշտեց նա:
Կան արդյո՞ք հայ երաժիշտների հետ համագործակցության միտումներ կամ ցանկություն: Պարզվեց, որ Ս.Թանկյանն այդքան էլ շատերին չի ճանաչում, բայց մի քանի ռոք-խմբերի ծանոթ է. «Բայց ես մասնավոր ռոք-խմբերի փնտրող չեմ և նույն ժանրի սիրահար չեմ` ես լավ music եմ սիրում»,- հավելեց նա: