Սերժ Թանկյանը երեկոյան կայանալիք մենահամերգում հայերեն էլ է երգելու
Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը (Թանկեան) նախանշված մամլո ասուլիսին ներկայացավ մոտ 40 րոպե ուշացումով, ինչը, թերևս, ներելի է` ուշ երեկոյան է ժամանել Հայաստան: Սակայն պարզվեց, որ մի քանի ժամ առաջ ժամանելով` արդեն իսկ հասցրել է ծանոթանալ ասուլիսին ներկա գտնվող լրագրողների հարցերին, որոնք մենահամերգի կազմակերպիչների պահանջով դրանք նախապես էին ներկայացրել:
Ի դեպ, ինչպես պարզվեց ասուլիսի ընթացքում, պահանջը իր նախաձեռնությունը չի եղել և նա որևէ հարց անպատասխան չթողեց` բացի անձնական կյանքին վերաբերողներից:
Հիշեցնենք, որ System of a Down համաշխարհային ճանաչում ունեցող ռոք խմբի մեներգիչ Ս.Թանկյանն այսօր երեկոյան Երևանում հանդես կգա առաջին մենահամերգով, թեպետ նա առաջին անգամ չէ, որ Հայաստան է ժամանում:
«Շատ մոտ չնստեք` գլուխներդ կցավի»,- զգուշացրեց Սերժը:
«Հայաստանը մեկ մացառոտ է, մեկ քարքարոտ …մեկ բացվում է Սևանը, բայց ամենատպավորիչը Լեռնային Ղարաբաղն է»,- կիսվեց նա իր նախահայրերի հայրենիքից ունեցած տպավորություններով:
Երգիչն ադպես էլ չկարողացավ հստակ պատասխանել, թե եթե Հայաստանում պատրաստվի նկարահանել տեսահոլովակ, որ վայրը կընտրի: Միայն նշեց, որ իր տեսահոլովակներում հետին ֆոնը միշտ կանաչ է:
Երանգների առկայությունը Սերժի համար կարևոր է ոչ միայն շրջապատող միջավայրում, այլև իր երգերում, որոնցից յուրաքանչյուրն իր երանգներով է հարուստ:
«Օրինակի համար System of a Down–ի երգերում ավելի շատ էր սևն ու կարմիրը, նաև մանուշակագույնը: Իսկ իմ սոլո երգերը փոքր-ինչ բաց գույներ ունեն` նարնջագույն, կանաչ, նաև հիմա կապույտը, սակայն թե ինչո՞վ է դա բացատրված` դժվար է ասել…. զուտ զգայարանների մակարդակով է որոշում»,- ասաց երգիչը:
Իր երգերը մեկ ժանրում չեն, հավասարապես նախընտրում է թե ջազը, թե ռոքը, թե փոփը: Նա անում է այն, ինչ զգում է, ինչ դուր է գալիս ու ինչ այդ պահին իր հոգում ծնունդ է առնում:
Սակայն վերջին շրջանում իր բոլոր ձայնագրություններում նշմարվում է կոնկրետ թեմա` շրջակա միջավայրի փոփոխությունն է, ինչպես նաև քաղաքակիրթ ձևով հարաբերվելու մշակույթը:
Նրա ստեղծագործություններում ուրույն տեղն ունի նաև հայերենը և, օրինակ, վերջին ձայնասկավառակում նա հայերենով մեկ երգ ունի` Ցեղասպանությանը նվիրված:
Ի դեպ, երեկոյան կայանալիք մենահամերգում Սերժը նախատեսում է հայ հանդիսատեսին անակնկալ մատուցել ու անպայման երգելու է հայերեն:
«Առավել ևս միկրոֆոնս լավն է»,- հավելեց նա` մերժելով, սակայն, լրագրողների խնդրանքը փոքր հատված կատարել այդ պահին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին