Վ. Տեր-Մաթևոսյան. «Հայաստանում նմանատիպ գագաթաժողովների անցկացումը մեր շահերից է բխում»
Երեկ երեկոյան նախագահական նստավայրից պաշտոնապես հաղորդագրություն տարածվեց առ այն, որ սույն թվականի օգոստոսի 20-22-ը Երևանում կայանալու է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը: Գագաթաժողովում քննարկվելիք հարցերի և դրանց սպասումների շուրջ Panorama.am-ը զրուցեց ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի վերլուծական կենտրոնի պետ Վահրամ Տեր-Մաթևոսյանի հետ:
«ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների վերջին պաշտոնական գագաթաժողովից հետո, որը տեղի էր ունեցել ս.թ. մայիսի 8-ին Մոսկվայում, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող ու համաշխարհային տրամաչափի որոշակի տեղաշարժեր են արձանագրվել: Հետևաբար, ամառային ամիսների ավարտափուլում Երևանում նախատեսվող գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կկանխորոշեն մինչև տարեվերջ ՀԱՊԿ-ի քաղաքականության հիմնական գերակայությունները»,- նշեց նա:
Փորձագետի խոսքերով, վերջին տարիների ընթացքում ՀԱՊԿ-ում ընթանում են խորքային ինստիտուցիոնալիզացման ու արդյունավետության բարձրացման գործընթացներ, որոնք միտված են Եվրասիական տարածաշրջանում այդ ազդեցիկ պաշտպանական-քաղաքական կառույցի աճող դերակատարման առավել բարձրացմանը:
«ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀԱՊԿ-ի իր գործընկերների կողմից բազմաթիվ հարթակներում շեշտվել է, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության ոլորտում կայունության պահպանման գործում այդ կառույցն ունի կարևորագույն դերակատարում: Նման ձևաչափի վերջին հանդիպման ընթացքում շեշտվել էր, որ ոչ-պաշտոնական այսպիսի հանդիպումների ընթացքում հնարավորություն է ստեղծվում երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հստակեցնել տարածաշրջանային անվտանգային միտումները, գտնել նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու ու դրանք հաղթահարելու նորարար բանաձևեր: Կազմակերպության համակարգային արդյունավետության բարձրացման հարցերի հետ մեկտեղ` գագաթաժողովի օրակարգային հարցերից են լինելու նաև Ղրղըզստանում կայունության ապահովման նպատակով աջակցության ցուցաբերման, ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման համակարգի մեխանիզմների ու տեղեկատվական միասնական դաշտի շարունակական կատարելագործման, թմրանյութերի դեմ համակարգված պայքարի խորացման, Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերին առչվող փաստաթղթերի երկրորդ փաթեթի մշակման և այլ օրակարգային հարցեր»,- ասաց Վ. Տեր-Մաթևոսյանը:
Պատասխանելով Panorama.am-ի այն այն հարցին, թե ի՞նչ սպասելիքներ կան համաժողովից՝ փորձագետն ասաց. «ՀԱՊԿ-ի հիմնադրումից ի վեր Հայաստանը մշտապես աջակցել է այդ կազմակերպության գործունեությանը` ունենալով ՀՀ ազգային անվտանգության շահերին ծառայող հստակ ակնկալիքներ ու սպասելիքներ: Բացառություն չի լինելու նաև այս գագաթնաժողովը: 2009 թ. ընթացքում, երբ Հայաստանն էր նախագահում այդ կառույցում, ստեղծվեցին Օպերատիվ արձագանքման հավաքական ուժեր, որն ավելի բարձրացրեց այդ կազմակերպության նշանակությունը: Հայաստանի ղեկավարության կողմից ՀԱՊԿ-ին ցուցաբերած բազմամակարդակ աջակցության շնորհիվ Հայաստանը դիտվում է որպես այդ կառույցի ամուր օղակներից մեկը: Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ի գործող մեխանիզմների ու նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման, ինչպես նաև` ՀԱՊԿ-ի համակարգում գործող աշխատաքային օղակների արդյունավետության բարձրացման հարցերում: Հետևաբար, Հայաստանում նմանատիպ գագաթաժողովների անցկացումը և տանտիրոջ իրավունքով այդ խնդիրների վրա ՀԱՊԿ երկրների ղեկավարների ուշադրության բևեռումը մեր շահերից է բխում»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին