Սինգապուրում առաջինը հանդես կգան հայ լողորդները
Սինգապուրում այսօր երեկոյան` տեղի ժամանակով 19.30-ին կսկսվի ամառային պատանեկան օլիմպիական առաջին խաղերի բացման հանդիսավոր արարողությունը /արևածագը Սինգապուրում Հայաստանի համեմատ 3 ժամ շուտ է սկսվում/: Մեր երկրի դրոշը տանելու պատիվը տրված է շնորհալի նետաձիգ Վասիլ Շահնազարյանին: Այս մասին տեղեկացանք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Հայաստանի 19 հոգանոց պատվիրակությունն արդեն մրցավայրում է: Նրանք տեղավորվել են օլիմպիական գյուղում, շարունակում են ամենօրյա մարզումները, ծանոթացել են մրցավայրերին և գոհ են ստեղծված բոլոր պայմաններից:
12 մարզաձևերում հանդես կգան հայաստանցի 14 մարզիկ-մարզուհիներ:
Նրանցից առաջինը`օգոստոսի 15-ին ասպարեզ կելնեն լողորդներ Անահիտ Բարսեղյանը / թիկնալող, 50մ և 100մ /, Սերգեյ Պեվնեևը / ազատ լողաոճ, 50մ և 100մ/, հունահռոմեական ոճի ըմբիշ Վարոս Պետրոսյանը /85կգ, / և Եվրոպայի ծանրամարտի պատանիների չեմպիոն ու մեծահասակների առաջնության արծաթե մեդալակիր, Սմբատ Մարգարյանը /56կգ/:
Օգոստոսի 16 –ին նշանակված է մարմնամարզիկ Վահան Վարդանյանի , 17-ին` աթլետ Դիանա Խուբեսերյանի / 100մ. վազք/, ազատ ոճի ըմբիշ Արտակ Հովհաննիսյանի /46կգ /, 18-ին` նետաձիգ Վասիլ Շահնազարյանի , 19-ին` ծանրորդ Գոռ Մինասյանի /+85կգ /, 21-ին` ձյուդոիստ Դավիթ Ղազարյանի /66կգ /, բռնցքամարտիկ Հրայր Մաթևոսյանի /60կգ /, թիավար Էդգար Բաբայանի /կանոե,սպրինտ սլալոմ /, 22-ին` ջրացատկորդ Գևորգ Պապոյանի / 3մ ոստնակացատկ / և 24-ին ` հրաձիգ Ռոմիկ Վարդումյանի /օդամղիչ ատրճանակ / ելույթը:
Կոմիտեում հույս ունեն, որ հայ մարզիկները արժանի ելույթներ կունենան ու հայրենիք կվերադառնան մեդալներով:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին