Ադրբեջանական իշխանությունները շարունակում են ստել
Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Պանախ Հուսեյնը իր դժգոհությունն է հայտնել ջրհեղեղից տուժած ազգաբնակչությանը փոխհատուցելու գործընթացից: Այս մասին տեղեկացնում է «Բիզիմ Յոլ» պարբերականը:
Պ. Հուսեյնը որպես օրինակ նշել է, թե Սաբիրաբադում փոխհատուցում է տրամադրվել ընդամենը 145 ընտանիքի, և դա այն դեպքում, որ նույնքան ընտանիք մնացել են առանց փոխհատուցման: Նրա խոսքերով, բոլորի համար շարունակում է անհասկանալի մնալ այն, թե ինչպե՞ս է և ի՞նչ կարգով է փոխհատուցում տրամադրվում:
Նշենք, որ դեռևս մեկ շաբաթ առաջ ադրբեջանական պարբերականներից մեկը տեղեկություններ էր տարածել այն մասին, որ փոխհատուցում են ստացել այնպիսի մարդիկ, ովքեր այնպիսի շրջաններում եմ ապրում, որտեղ ընդհանրապես ջրհեղեղ չի եղել:
Իսկ ահա «Ազադլիգ» պարբերականը գրում է, որ Սաբիրաբադի շրջանի Ուլաչալի, Մյուրսելի և Շիխլար գյուղերի բնակիչները նախօրեին բողոքի ակցիա էին կազմակերպել, և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարության հրաժարականն էին պահանջում:
Բանն այն է, որ վերջիններս դժգոհ լինելով պետության տված փոխհատուցումից բողոքի ակցիա էին իրականացրել, ինչը տեղի իշխանությունների պահանջով՝ ոստիկանները, բռնությունների գործադրմամբ ցրել էին: