Մեդվեդևի այցը` տարածաշրջանի նշանակալից իրադարձություն
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը օգոստոսի 19-ին պետական այցով կժամանի Հայաստան: Նախորդող շրջանում այցի նկատմամբ եղած ուշադրությունն ու տեղ գտած քննարկումները վկայում են, որ իր կարևորությամբ ՌԴ նախագահի այս այցը տարբերվում է մյուսներից:
Պաշտոնական տեղեկատվությունից այցի կարևորությունն այնքան էլ չի նշմարվում: Արարողակարգի համաձայն` ՌԴ նախագահն այցելելու է Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, այնուհետև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից մատուցվելու է պետական ճաշ: Ինչ վերաբերում է քննարկումներին, ապա պաշտոնական հաղորդագրության համաձայն, «նախատեսվում է ՀՀ և ՌԴ նախագահների առանձնազրույց, որին կհաջորդեն երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: Կստորագրվեն հայ-ռուսական ռազմավարական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված մի շարք պայմանագրեր և համաձայնագրեր»: Հայտնվում է նաև, որ ՌԴ Նախագահի պետական այցի շրջանակներում, Հայաստանի և Ռուսաստանի նախագահները կայցելեն Գյումրի` մասնակցելու «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:
Արտաքուստ ՌԴ նախագահի պետական այցի մասին ծանուցող հաղորդագրությունը որևէ արտառոց իրադարձության մասին չի հիշեցնում: Սակայն աշխարհաքաղաքական համատեքստը, տարածաշրջանային գործընթացներն ու խնդիրները, ինչպես նաև` մինչ օրս եղած տեղեկատվական արտահոսքն այլ բան են հուշում: Անդրադառնանք դրանցից մի քանիսին:
Գաղտնիք չէ, որ Բարաք Օբամայի` իշխանության գալուց ի վեր ռուս-ամերիկյան հարաբերություններում «վերաբեռնում» է ընթանում: Վաշինգտոնի պահպանողական շրջանակների կողմից Օբամայի վարչակարգի այդ մոտեցումը «մեղմ» բնորոշումն է ստացել, քանի որ ի տարբերություն Բուշ-կրտսերի, փորձում է Կրեմլի հետ համաձայնության գալ բոլոր հնարավոր հարցերում, իսկ անհնարինների դեպքում` պարզապես լռել: Բոլոր չափումներով` այդ «վերաբեռնումը» նաև Հարավային Կովկասին է առնչվել, արդյունքում` ԱՄՆ-ի «պասիվ ակտիվության» ֆոնին Ռուսաստանն առաջ է մղում սեփական շահերը:
Երկրորդ հանգամանքը Թուրքիայի տևական ակտիվությունն էր` փաթեթավորված «Կովկասյան կայունության պակտ»-ով: Այդկերպ Թուրքիան փորձում էր ներթափանցել Հարավային Կովկաս, և դերակատարություն ստանձնել այնտեղ: Թուրքիայի մոտիվները ստուգելու համար իսկական փորձաքար դարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. այն ցույց տվեց, որ կովկասյան գործերին միջամտելու` Անկարայի ցանկությունը որևէ կառուցողական նախադրյալ չունի և ընդամենը սեփական կայսերապաշտական նկրտումները քողարկելու միջոց է: Սա ևս մեկ խթան էր, որպեսզի Ռուսաստանը հստակեցնի հարավային ուղղությամբ իր առաջնահերթությունները և ակտիվ քայլեր ձեռնարկի:
Թուրքական ակտիվությունը, սակայն, միայն կովկասյան խնդիրներին միջամտելու ցանկությամբ չէ, որ դրսևորվեց: Այս փուլում այդ երկիրը փորձեց լուրջ դերակատարություն ստանձնել` Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Սխեման, մոտավորապես, հետևյալն է. բոլոր հարակից էներգակիրներ արտադրող երկրները` սկսած Կենտրոնական Ասիայից` մինչև Պարսից ծոց, իրենց հումքը մատակարարում են Թուրքիային, իսկ վերջինս որոշում է Եվրոպա առաքման ուղիներն ու սակագները: Սա ակնհայտորեն հակասում է ոչ միայն արևելյան գազատարների մոնոպոլիան իր ձեռքում պահող Ռուսաստանի, այլև Եվրոպայի ու ԱՄՆ-ի շահերին (հենց այդ նպատակով էլ Թուրքիան փորձում է սեպարատ համաձայնության հասնել Իրանի միջուկային ծրագրի խնդրում): Այս դեպքում ևս արդյունքը Թուրքիային լրջորեն հակազդելն է` Ռուսաստանի միջոցով Հարավային Կովկասը վերահսկողության տակ պահելով (տես ռուս-ամերիկյան «վերաբեռնումը»):
Այս և մյուս գործընթացները ստիպեցին, որպեսզի Թուրքիան որոշակի հետևողականություն ցուցաբերի. վերջին շրջանում անընդհանտ խոսվում է Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու շինարարության ակտիվացման, Նախիջևանում թուրքական ռազմաբազաներ տեղակայելու, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության պայմանագիր ստորագրելու և այլնի մասին:
Վերը նկարագրվածն ինդիկատորներ են, որոնք ցույց են տալիս.
ա/ Հարավային Կովկասում ծավալվել են ինտենսիվ քաղաքական և աշխարհաքաղաքական գործընթացներ,
բ/ Այդ գործընթացների համատեքստում տարածաշրջանի ու արտաքին խաղացողները փորձում են հստակեցնել իրենց միջնաժամկետ և երկարաժամկետ շահերը,
գ/ Այդ շահերի սպասարկման համար հիշյալ խաղացողներն ընտրում են գործընկեր-պարտնյորների և երկարաժամկետ փոխպարտավորությունների դաշտ են ստեղծում:
Պրոցեսներն ընթացքի մեջ են, բայց արդեն իսկ կան առաջին քայլերը. Ռուսաստանը հայտարարեց Աբխազիայում և Հարավային Օսիայում ռազմաբազաներ, այդ թվում` ՀՕՊ ժամանակակից համակարգեր տեղակայելու մասին, Ուկրաինայի հետ կնքած պայմանագրով Ռուսաստանը ևս հինգ տասնամյակով երկարացրեց Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի տեղակայումը, Ռուսաստանը որոշեց թարմացնել ու արդիականացնել Կասպյան տորմիղը:
Ակնկալվում է, որ Մեդվեդևի` Հայաստան կատարելիք այցի արդյունքներով այս շարքը կհամալրվի. ակնկալվում է համաձայնագրի ստորագրում Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանների, մի շարք տնտեսական (իրականում` գեոստրատեգիական) նախագծերի շուրջ մոտեցումների ու լուծումների հստակեցում:
Այդ նախագծերը, ինչպես գիտենք, Հայաստանի իշխանությունները վաղուց են առաջնահերթություն հռչակել: Հիշեցնենք, որ խոսքը Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման, Հայաստան-Իրան երկաթուղու, նավթամուղի, նավթավերամշակման գործարանի կառուցման մասին է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա