Ս. Հասրաթյան. «Ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է անընդհատ լարվածություն պահպանել»
«Դա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է: ԼՂՀ ՊԲ բանակում նման դեպքեր չեն արձանագրվել: Պարզապես ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է անընդհատ լարվածություն պահպանել»,- անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի կողմից տարածված տեղեկատվությանը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ ՊԲ հրամանատարի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր տարածել այն մասին, թե Չայլուի այն նույն դիրքում, որտեղ հունիսի 17-ին ադրբեջանական դիվերսիոն խումբ էր ներթափանցել, ՊԲ զինծառայողների միջև բախում է եղել, որը կասեցվել էր միայն սպաներից մեկի միջամտությամբ: Ադրբեջանական լրատվամիջոցը նաև նշել է, թե իբր հայ զինծառայողները փորձել են ներթափանցել դեպի Ադրբեջանի կողմից վերահսկվող գոտի: