Ադրբեջանն արգելել է Երևան ուղևորվող գերմանական ինքնաթիռի մուտքը իր օդային տարածք
Ադրբեջանը հրաժարվել է տրամադրել իր օդային տարածքի օգտագործման թույլատվությունը` Աֆղանստանից Երևան ուղևորվող գերմանական ինքնաթիռին։ Այս մասին տեղեկանում ենք «Ազատություն» ռադիոկայանից:
Ռսդիոկայանին ՀՀ ՊՆ-ի իր աղբյուրներից հայտնի է դարձել, որ ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանի անվտանգության ապահովման միջազգային ուժերի գործողությունների համար փոխադրումներ կատարող մարդատար ինքնաթիռը Երևան էր տեղափոխում Կունդուզի նահանգում գերմանական հրամանատարության ներքո իրենց ծառայությունը ավարտած հայ խաղաղապահների հերթափոխին; Այն հարկադրված է եղել այլ երթուղի ընտրել։ Նշենք, որ հայ խաղաղապահները դեռևս չեն ժամանել Երևան։
Ըստ, աղբյուրի, Հայաստանի պաշտպանության նախարարությունում այս միջադեպը գնահատվել է որպես Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի մատակարարման գործընթացը խոչընդոտելու, ինչպես նաև դեպի Աֆղանստան փոխադրումների համար Հայաստանի օդային տարածքի եւ օդանավակայանների օգտագործման հնարավորությունները սահմանափակելու փորձ։
Ըստ այդմ, պաշտպանության նախարարությունում քննարկվում է համարժեք քայլեր ձեռնարկելու՝ մասնավորապես` Բաքվում վայրէջք կատարող ռազմական նշանակության բեռներ տեղափոխող ինքնաթիռներին Հայաստանի օդային տարածքի օգտագործման թույլատվությունը չտալու համար:
Նախկինում Հայաստանը մշտապես բաց է պահել իր օդային տարածքը` Թուրքիայից դեպի Ադրբեջան, իսկ այնուհետև Աֆղանստան մեկնող և վերադարձող ինքնաթիռների համար։