Ադրբեջանցի մասնագետն իրենց իսկ քարոզչամեքենայի կեղծիքը բացահայտեց
«Ադրբեջանում հրդեհի հետևանքով մոտ 30 հեկտար անտառ է ոչնչացել, որի պատճառը ֆերմերների անզգուշությունն է և խնջույքների գնացող երիտասարդների անպատասխանատու քայլերը»,- այս մասին, «Վեստի.ազ» լրատվական կայքին տված հարցազրույցում նշել է ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության անտառների զարգացման բաժնի առաջատար մասնագետ Սիայսետ Գարաևը:
Վերջինս նշել է, թե գյուղատնտեսական աշխատանքներն ավարտելուց հետո, ադրբեջանցի ֆերմերներն այրում են ցանքատարածությունները, ինչի արդյունքում հրդեհները ողջ երկրով մեկ տարածվում են:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ, հղում կատարելով այս կամ այն տեղական նշանակության պաշտոնյայի տեղեկատվություն էին տարածում այն մասին, թե հայկական կողմը (որոշ դեպքում նույնիսկ հայ զինծառայողները) հրդեհում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի տարածքում գտնվող դաշտերը, ինչի հետևանքով հրդեհները տարածվում են Ադրբեջան:
Նշենք, որ, բազմիցս, ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանն, անդրադառնալով այդ տեղեկատվությանը, նշել էր, թե «խնդիրը նրանում է, որ նույնիսկ հաշվի առնելով կլիմայական պայմանները, ռելիեֆը հնարավոր չէ՝ Արցախի կողմից հրդեհները տարածվեն ադրբեջանական կողմ:
Նա ասել էր, որ եթե հարցին աշխարհագրական տեսանկյունից նայենք, ապա կտեսնենք, որ քամիները Ադրբեջանի կողմից են փչում՝ Մուղամի դաշտից, այսինքն՝ քամին Ադրբեջանի խորքից է փչում և հնարավոր չէ, որ Արցախում ինչ-որ բան հրդեհեն ու քամին այդ հրդեհը դեպի Ադրբեջան տարածի:
Իսկ ահա ԼՂՀ ՊԲ հրամանատարի մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը նշել էր, թե այդ տեղեկատվությունն ադրբեջանական կողմի հերթական հեքիաթն է:
«Ղարաբաղյան կողմը որևէ տարածքում հրդեհ չի սանձազերծել: Եթե Ադրբեջանական տարածքներում հրդեհներ են բռնկվում, դա իրենց խնդիրն է և թող նրանք իրենց մեջ փնտրեն մեղավորներին»,- նշել էր նա:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, այսօր Panorama.am-ի հետ զրույցում նշեց, թե Ադրբեջանի արտակարգ իրավիճակների վարչության պետը փոխանակ կազմակերպած ձևով իրենց հրդեհները մարի, ազգային փոքրամասնությունների վերաբերյալ հայտարարություններ է անում՝ նշելով, թե անհրաժեշտ է պետական համակարգը մաքրել ազգային փոքրամասնություններից: Եթե նման խնդիրների մասին արտակարգ իրավիճակների վարչության պետն է խոսում՝ դա ուղղակի ախտորոշում է այդ երկրի քաղաքական համակարգը»: