Ադրբեջանցի բլոգերները շարունակում են մնալ անազատության մեջ
Այսօր Ադրբեջանի Գերագույն դատարանը մերժել է բլոգերներ Էմին Միլիի և Ադնան Գաջիզադեի գործով վճռաբեկ դատարանի բողոքը և ուժի մեջ թողել նախկինում դատական ատյանների կողմից նրանց նկատմամբ նախատեսած վճիռները: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Այսպիսով, ադրբեջանական իշխանությունները հերթական անգամ անտեսեցին՝ բլոգերներին ազատ արձակելու միջազգային հանրության կոչերը: Բլոգերների փաստաբանները համաձայն չեն Գերագույն դատարանի որոշման հետ և մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ Էմին Միլլին և Ադնան Գաջիզադեն պաշտոնապես մեղադրվում են խուլիգանական արարք կատարելու մեջ` Սաբայիլի շրջանի դատարանի կողմից, դատապարտվելով համապատասխանաբար 2.5 և 2 տարվա ազատազրկման:
Չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ ակտիվիստներին ադրբեջանական դատարանում մեղադրանք էր առաջադրվել խուլիգանություն կատարելու համար, արևմտյան ԶԼՄ-ի, ոչ կառավարական կազմակերպությունների, մի շարք քաղաքական կառույցների ներկայացուցիչներ համոզված են, որ նշյալ ակտիվիստները քաղբանտարկյալներ են, և նրանց ձերբակալել են զուտ քաղաքական դրդապատճառներով: