Դինքի եղբայրը Դավութօղլուի առջև պայման է դնում
Ահմեթ Դավութօղլուն իր ափսոսանքն է հայտնել` կապված Թուրքիայի կողմից Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանին ուղարկված նամակի հետ, որում Հրանտ Դինքը համեմատվել է նեոնացիստի հետ: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր» (Ermenihaber) լրատվական կայքը` վկայակոչելով թուրքական աղբյուրները:
Թուրքիայի արտգործնախարարն ասել է. «Այս նամակը խղճիս ծանր է նստում: Խորապես ցավում եմ Եվրոպական դատարանին ուղարկված թուրքական կողմի պաշտպանական այս տեքստի համար։ Հարգելով Դինքի հիշատակը, ասում եմ, որ դա չպետք է տեղի ունենար: Ցավոք, նամակը հետ չենք կարող վերցնել, բայց կփորձենք գտնել մեկ այլ լուծում: Դինքի ընտանիքի հետ կխոսենք, իրար կհասկանանք»:
Ի պատասխան Դավութօղլուի հայտարությանը` Դինքի եղբայրը` Խոսրով Դինքը, ասել է. «Արտգործնախարարի խոսքերը կարևոր են: Բայց նախ թող թուրքական կառավարությունը չեղյալ հայտարարի Դինքի հանդեպ 301 հոդվածով թուրք ինքնությունը վիրավորելու մեղադրանքը, դրանից հետո միայն կխոսենք փոխհամաձայնության մասին: Հրանտը սպանվելուց առաջ վերջին բանը, որ արեց, այն էր, որ գնաց մարդու իրավունքների եվրոպական դատարան ու փորձեց ապացուցել որ իր հանդեպ 301 հոդվածի կիրառումն անարդարացի է»: