Ս. Լավրով. Մենք երբեք զենք չենք մատակարարում այնպիսի տարածաշրջաններ, որտեղ նման մատակարարումը կարող է ապակայունացնել իրավիճակը
«Մենք երբեք զենք չենք մատակարարում այնպիսի տարածաշրջաններ, որտեղ նման մատակարարումը կարող է ապակայունացնել իրավիճակը` լինի դա Անդրկովկասը, Մերձավոր, թե Միջին Արեելքը կամ մոլորակի մեկ այլ հատված: Ուստի, իմ կարծիքով, պետք է դիտարկել խնդրի էությունը, իսկ էությունն այն է, որ խոսքը պաշտպանական սպառազինությունների մասին է, որոնք մատակարարվում են բացառապես միջազգային նորմերի պահանջներին համապատասխան: Ես չէի փորձի դրանում իրադրությունն ապակայունացնող գործոն փնտրել»,- Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Իրական քաղաքականություն» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C- 300 զենիթահրթիռային համակարգերի վաճառքի հարցի վերաբերյալ ու պատասխանելով այն հարիցն, թե գաղտնիք չէ, որ Ադրբեջանը մշտապես հանդես է գալիս նոր պատերազմ սանձազերծելու սպառնալիքներով, ի՞նչ կասեք այս առիթով, ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Գիտեք` C- 300 զենիթահրթիռային համակարգերը տագնապի ինչ-որ խորհրդանիշ են դարձել: Այժմ Ադրբեջանի առիթով են որոշակի խոսակցություններ սկսվել: Ավելի վաղ նման խոսակցություններ կային նաև Իրանի պարագայում, այժմ այլ երկրների առումով էլ են նման խուճապային կարծիքներ հնչում, թե եթե որևէ երկիր ստանա այդ համակարգերը, դա կապակայունացնի իրադրությունը: Սակայն եկեք չմոռանանք, թե իրենցից ինչ են ներկայացնում այդ համակարգերը: Դրանք պաշտպանական սպառազինություններ են` կոչված պաշտպանելու համապատասխան տարածքը դրսի հրթիռային հարձակումներից: Ահա և վերջ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մենք այդ համակարգերը, ինչպես և սպառազինությունների ցանկացած տեսակ, մատակարարում ենք միջազգային իրավունքի նորմերին, այդ ոլորտում մեր միջազգային պարտավորություններին, ինչպես և արտահանման վերահսկմանն առնչվող մեր ներքին օրենսդրությանը համապատասխան, որը սպառազինությունների վաճառքով զբաղվող պետությունների շարքում ամենախիստերից է»,- ասել է նա:
Ըստ ՌԴ ԱԳ նախարարի` պաշտպանական սպառազինություններն իրադրությունը չեն ապակայունացնում, բացառությամբ միայն այն դեպքերի, երբ ինչ-որ մեկը փորձում է հարձակողական սպառազինություն գործի դնել, պաշտպանական սպառազինությունները կարող են խնդիր հարուցել նրա համար, ով ուժ է ծրագրում կիրառել: «Ես համոզված եմ` տարածաշրջանում, որի մասին խոսում ենք, որևէ պետություն չի պատրաստվում նոր ռազմական գործողություններ սկսել, քանի որ դա աղետալի կլինի, իսկ այն բանում, որ ագրեսորն ամեն դեպքում իր նպատակին չի հասնի, մենք համոզվեցինք 2008 թ-ի օգոստոսին, երբ ձեր հարևանը` պարոն Սահակաշվիլին, փորձեց Հարավային Օսիայի խնդիրը լուծել միջազգային իրավունքի տեսանկյունից անընդունելի մեթոդներով: Ես համոզված եմ, որ Հայաստանի և Ադրբևջանի միջև նման փորձեր չեն լինի, քանի որ, կրկնում եմ, ես մասնակցել եմ նախագահ Մեդվեդևի հետ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներին: Երեք նախագահներն էլ իրենց ստորագրություններն են դրել փաստաթղթի տակ, որոնք չեն թույլատրում ուժի կիրառումը, և հավաստում են հավատարմությունը ԼՂ-ի հակամարտության խնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու մեթոդին»,- նշել է Ս. Լավրովը: