Լավրով. Ռազմաբազաների տեղակայման պայմանագրում փոփոխությունները պայմանավորված չեն հատուկ ինչ-որ առիթով կամ պատճառով
«Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման պայմանագրին կից արձանագրություն ստորագրելու հիմնական խնդիրը ժամանակի մեջ հեռանկար ունենալն է, առավել երկարաժամկետ պլանավորումն է, մյուս առումներով` ռուսական ռազմակայանի կողմից իրականացվող բոլոր գործառույթներն ամփոփոխ են»,-նախօրեին Հանրային հեռուստատեսության «Ռեալպոլիտիկ» ծրագրին տված հարցազրույցում ասաց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված հենց այժմ Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխությունների կատարումը, Լավրովն ասել է, թե այժմ խնդրի արդիանացումը պայմանավորված չէ հատուկ ինչ-որ առիթով կամ պատճառով:
«Պարզապես ցանկացած պետություն կամ պետություններ, որոնք սերտորեն համագործակցում են ռազմական ոլորտում, ինչպես Ռուսաստանը և Հայաստանը, այդ ոլորտում իրենց գործողությունները ծրագրելու կարիք ունեն: Որևէ փոփոխություն նրանում, ինչ անում է Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանը, սպասել պետք չէ»,- հայտնել է ՌԴ արտգործնախարարը: