Ադրբեջանի մաքսատանը 10 մլրդ դոլարի մեքենայություններ են կատարվել
Ադրբեջան ներկրված ապրանքների վերաբերյալ գործընկեր պետությունների ներկայացրած վիճակագրության ու Ադրբեջանի վիճակագրության միջև լուրջ տարբերություններ կան:
Տնտեսական հետազոտությունների կենտրոնի վարչական խորհրդի նախագահ Գուբադ Իբադօղլուն «Ենի Մուսավաթ» թերթի հետ զրույցում հայտարարել է, որ հիմնական 16 գործընկեր պետությունների և Ադրբեջանի մաքսատների պաշտոնական վիճակագրությունները չեն համընկնում: «2003-2009 թթ. վերաբերյալ 16 երկրների հետ Ադրբեջանի ներկրման գործողությունների ծավալների հաշվարկման ժամանակ պարզվել է, որ 16 երկրների վիճակագրության և Ադրբեջանի վիճակագրության միջև 10 մլրդ 645 մլն 900 հազար դոլարի տարբերություն կա», -ասել է Գ.Իբադօղլուն:
Փորձագետի խոսքերով` դա միայն մաքսային վճարումներում առաջացած տարբերությունն է: «Ադրբեջանի մաքսային վիճակագրության մեջ խնդիրներ կան: 2009 թ-ի արդյունքներով` նույն 16 երկրներից ներկրումը կազմել է Ադրբեջանի ներկրման 80 տոկոսը: Պետք է նշել նաև, որ ամենամեծ շեղումները Թուրքիայից և Ռուսաստանից ներկրումներում են հայտնաբերվել, իսկ դրանք Ադրբեջանի հետ ամենամեծ առևտրային շրջանառությունն ունեցող երկրներն են», -ասել է Գ.Իբադօղլուն: