Նախկին ռազմագերուն Ադրբեջանում դատապարտել են 13 տարվա ազատազրկման
Ադրբեջանի ծանր հանցագործությունների գործով հատուկ դատարանը՝ հայկական ստորաբաժանումների կողմից գերեվարված նախկին զինվորի նկատմամբ դատավճիռ է կայացրել: «ԱՊԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` դատարանը նրա մեղքն ապացուցավծ է համարել և դատապարտել 13 տարվա ազատազրկման:
Մեղադրականի համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերից մեկում պարտադիր զինվորական ծառայություն անցած, 1989 թվականի ծնված Ռաֆիգ Հասանովը 2008 թվականի հոկտեմբերի 8-ին Ղազախի կողմից հատել էր ՀՀ-ի սահմանը և գերեվարվել:
Ըստ այդմ՝ Հասանովին մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 հոդվածի կետերով (պետական դավաճանություն. Սահմանի հատում, լրտեսություն, պետական գաղտնիքի բացահայտում, այլ երկրին օժանդակության ցուցաբերում):
Հասանովն Ադրբեջան էր վերադարձվել սույն թվականի ապրիլի 7-ին: