Սերժ Սարգսյան. ԼՂ հիմնահարցում հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում հայկական կողմի մոտեցումն անփոփոխ է: Այսօր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ համատեղ ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ: Խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով` առանց ուժի ու դրա սպառնալիքի կիրառման»,- հայտարարեց հանրապետության ղեկավարը` հավելելով, որ հակամարտության լուծումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի նորմերի ու միջազգային չափորոշիչների վրա:
Սերժ Սարգսյանն իր երախտագիտությունը հայտնեց ռուս պաշտոնակցին` ղարաբաղյան կարգավորման գործում ունեցած միջնորդական ջանքերի համար: «Ես երախտապարտ եմ Ռուսաստանին տարածաշրջանում ուժի հավասարակշռության ապահովման և ռազմական սպառնալիքների կանխման անհրաժեշտության գիտակցման, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ունեցած ավանդի համար»,- նշեց Սերժ Սարգսյանը` հիշեցնելով, որ Դմիտրի Մեդվեդևի անձնական ջանքերի շնորհիվ են կայացել եռակողմ ձևաչափով Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների բազմաթիվ հանդիպումները:
Իր հերթին Դմիտրի Մեդվեդևը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի ունեցած ներդրումն ընդգծելու համար և պատրաստակամություն հայտնեց այսուհետ ևս շարունակել աջակցությունը կարգավորման գործընթացին: «Մենք հետայսու էլ պատրաստ ենք շարունակել մեր միջնորդությունը` խնդրի քաղաքական լուծման, փոխադարձ ընդունելի կարգավորման ուղիների որոնման ուղղությամբ, ինչպես ԵԱՀԿ շրջանակներում, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկկողմ հանդիպումների միջոցով»: