Քաղբանտարկյալների թիվն Ադրբեջանում 100-ի է հասնում
Նախօրեին, Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության կոմիտեն, Ադբեջանում քաղբանտարկյալների հիմնախնդիրների վերաբերյալ կլոր սեղան էր կազմակերպել` փորձագետների, իրավապաշտպանների և նախկին քաղբանտարկյալների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Քննարկման ժամանակ քաղբանտարկյալների հարազատները հայտարարել են, որ իրենց մերձավորները շինծու գործերի հիման վրա են ազատազրկման ենթարկվել: Մասնավորապես, նման կարծիք են հայտնել «Սաիդ Դադաշբեյլիի» խմբի անդամների հարազատները, որոնց մերձավորները մեղադրվել են երկրում իսլամական կառավարումը վերականգնելու մեջ:
Քաղբանտարկյալների ընտանիքները բոլորին կոչ են արել պատրաստ լինել ճնշումների և հետապնդումների, միասնական պայքար տանել իրենց հարազատների իրավունքների վերականգնման համար:
Մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների համաձայն՝ Ադրբեջանում այսօր մոտ 100 քաղբանտարկյալ կա: Նրանց թվում են լրագրողներ, հասարակական և քաղաքական գործիչներ, զինվորականներ և ուղղակի հասարակ քաղաքացիներ: