Եվրոպական դատարանը բավարարել է Դինքի ընտանիքի ներկայացրած հայցը` ընդդեմ թուրքական պետության
Թուրքական «Հաբերլեր» (Haberler) լրատվական կայքի տեղեկացմամբ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հրանտ Դինքի ընտանիքի ներկայացրած հայցն ընդդեմ թուրքական պետության: Աղբյուրի հաղորդմամբ` դատարանը մեղավոր է ճանաչել Թուրքիային բազում սպառնալիքներից հետո Հրանտ Դինքի անվտանգությունը հավուր պատշաճի չապահովելու և Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նրան մեղադրելու համար: Դատարանը Թուրքիային դատապարտել է նաև Դինքի սպանության գործով դատավարությունն անարդյունավետ անցկացնելու համար:
Հիշեցնենք, որ կենդանության օրոք Դինքի դեմ հանիրավի մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայի քրեական օրենսգրքի թուրքական ինքնությունը վիրավորելու մասին 301-րդ հոդվածի հատկանիշներով:
Վկայակոչելով կուլիսային խոսակցությունները` թուրքական լրատվամիջոցը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Դինքի հայցի վերաբերյալ իր ամբողջական վճիռը հրապարակելու է սեպտեմբերի սկզբին: