Համատիրությունների զարգացման ծրագրի հարցեր` փոխվարչապետի մոտ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր անցկացվել է խորհրդակցություն` Համատիրությունների զարգացման ծրագրի մշակման աշխատանքների կազմակերպական հարցերով: Խորհրդակցությանը հրավիրվել էին համատիրությունների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների, համատիրությունների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Փոխվարչապետը տեղեկացրել է, որ Համատիրությունների զարգացման 5-ամյա ծրագրի մշակման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: Փաստաթղթի մշակման ժամանակ աշխատանքային խումբը կհիմնվի ՀԲ-ի փորձագետի առաջարկությունների փաթեթի վրա, ով խորհրդատվության նպատակով անցած տարի ժամանել էր Հայաստան, ուսումնասիրել Երևանում գործող համատիրությունների աշխատանքն ու ձևավորված մոդելը, ինչպես նաև կօգտվի ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից այս ոլորտում խնդիրների բացահայտմանն ուղղված իրավիճակային ուսումնասիրություններից:
Բացի միջգերատեսչական աշխատանքային խմբից, ստեղծվել է մասնագիտացված աշխատանքային խումբ, որը կզբաղվի փաստաթղթի մշակման` ըստ ոլորտների քննարկման աշխատանքներով: Նախատեսվում է, որ Համատիրությունների զարգացման 5-ամյա ծրագրի նախագիծը 6 ամիս հետո կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:
Փոխվարչապետը հասարակական հատվածի, համատիրությունների ներկայացուցիչներից ակնկալում է աշխատանքներին ակտիվ, կառուցողական մասնակցություն` նշելով, որ ցանկացած իրատեսական առաջարկություն կքննարկվի աշխատանքային խմբի կողմից:
Արմեն Գևորգյանը նշել է, որ պետք է գտնել հարցի լուծման պետություն-համատիրություն գործընկերային արդյունավետ մոդել, որը կլինի իրատեսական և կիրառելի:
Հասարակական կազմակերպությունների և համատիրությունների ներկայացուցիչները ողջունելի են համարել համատիրությունների ոլորտի կարգավորմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնել` աջակցել աշխատանքներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան