Աբդուլլահ Գյուլ. Պետք է` զենքի ուժով, պետք է` դիվանագիտությամբ
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Ստամբուլում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է վերջին օրերին թուրքական մամուլում տեղ գտած աղմկահարույց թեմային` «ՔԲԿ»-ի (Քրդական բանվորական կուսակցության) հետ իշխանությունների երկխոսությանը:
Ըստ թուրքական «Հաբերֆորմ» (Haberform) լրատվական կայքի` նախագահ Գյուլն այդ առնչությամբ հայտարարել է, որ ահաբեկչության դեմք պայքարում միայն զենքի ուժը չէ, որ անհրաժեշտ է: Այդ պայքարում, ըստ Գյուլի, պետությունը պետք է բոլոր ուղիներն էլ փորձի և օգտագործի բոլոր հնարավորությունները:
«Նպատակը տեռորիստներին վնասազերծելն է: Հարկ եղած դեպքում կգործի դիվանագիտությունը, հարկ եղած դեպքում` Թուրքիայի զինված ուժերը»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի օգնական, քաղաքագիտության թեկնածու Յալչըն Աքդողանը հայտարարել էր, որ իշխանությունները հնարավոր է, որ երկխոսության մեջ մտնեն քրդերի առաջնորդ, Իմրալի կղզում ցմահ բանտարկյալ Աբդուլլահ Օջալանի հետ: