Ադրբեջանը ևս կորցնո՞ւմ է անկախությունը
Ինչպես հայտնի է, Վրաստանի նախագահ Միխայել Սահակաշվիլին հայտարարել է, թե իրենք կոնսուլտացիաներ են անցկացնում ադրբեջանական կողմի հետ՝ կոնֆեդերացիոն հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Այս առնչությամբ, Վրաստանի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը երկրի ԱԳՆ-ից պաշտոնական պարզաբանում է պահանջել:
Մասնավորապես, «Ռոսբալտ»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կուսակցության առաջնորդ Գիորգի Ժորժոլիանին զարմանքով նշել է, որ անհասկանալի է, թե ինչ է նկատի ունեցել ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն, երբ հայտարարել է, որ ադրբեջանա-վրացական կոնֆեդերացիոն հարաբերություններ ստեղծելու հետ կապված հարցերը հստակեցված են, իսկ մնացած հարցերը դիվանագիտական բանակցությունների առարկա են հանդիսանում:
Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչը նշել է, որ վրացական իշխանությունները անպատասխանատու քայլեր են ձեռնարկում: «Այս իշխանությունն ընդհանրապես չի հասկանում, թե ինչ է իրենից ներկայացնում անկախ պետության միացումը կոնֆեդերացիային»,- ասել է նա:
Քաղաքական գործիչը նշել է, որ Վրաստանի քաղաքացիները պետք է գիտակցեն, թե ինչ երկրում են իրենք շարունակելու ապրել: Նա հիշեցրել է, որ Վրաստանի ժողովուրդը 1991 թվականի մարտի 31-ին հաստատել է, որ ինքն ուզում է անկախ ապրել: