Ադրբեջանում լրագրողներին բռնության ենթարկելն «օրինական է»
«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է ադրբեջանական իշխանությունների՝ լրագրողների դեմ հարձակումները չհետաքննելու որոշումը: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 28-ին, Շուվալյան գյուղի մերձակայքում երկու լրագրող հարձակման էին ենթարկել և դա միայն այն պատճառով, որ համարձակվել էին նկարել ադրբեջանցի պաշտոնյաների առանձնատները:
Իրավապաշտպան կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ «Ենի Մուսավաթ» և «Միլի Յոլ» թերթերի լրագրողներ՝ Էլմին Բադալովը և Անար Գերայլին Էմին Ալեկսերովին պատկանող առանձնատան պահակախմբի կողմից բռնության են ենթարկվել: Հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ լրագրողները լուսանկարել են առանձնատները:
Հաղորդագրության մեջ նաև ասվում է, թե «Պահակախումբը վերջիններիս մի քանի ժամ պահել է փակի տակ, այնուհետև լուսանկարչական խցիկի մեջից հանել հիշողության քարտը՝ զգուշացնելով, որ եթե նրանք ևս մեկ անգամ երևան այնտեղ՝ վատ հետևանքներ կլինի: «Ենի Մուսավաթ» և «Միլի Յոլ» թերթերը դիմել են ՆԳՆ, սակայն դա արդյունքներ չի տվել: Ի պատասխան` քաղաքային ոստիկանությունից հայտնել են, որ լրագրողներին ոչ-ոք չի հարվածել, և, հնարավոր է, որ լրագրողներն են ընկել առանձնատան պարսպից»:
«Ավելի վաղ իշխանությունները մեկ անգամ չէ, որ հավաստիացրել էին, թե սահմանադրական փոփոխությունները, որոնք արգելում էին որևէ մեկին լուսանկարել` առանց վերջինիս համաձայնության, լրագրողների իրավունքները չեն սահմանափակի: Սակայն իրադարձությունների նման զարգացումը ցույց է տալիս, որ սահմանադրական փոփոխությունները հենց այդ նպատակն էին հետապնդում»,- ասված է փաստաթղթում: