Իրանի փոխնախագահը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իրանի Իսլամական Հանրապետության IRNA պաշտոնական լրատվական գործակալության տարածած հաղորդագրության համաձայն` այդ երկրի փոխնախագահ Համիդ Բաղային ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը:
Գործակալության հաղորդմամբ Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների կողմից Իրանի գրավման 70-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված «Իրան. Հաղթանակի կամուրջ» համաժողովում ունեցած ելույթում օգոստոսի 25-ին երկրի փոխնախագահ, մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության ղեկավար Համիդ Բաղային խոսել է աշխարհամարտի արդյունքում Իրանին պատճառված վնասի հարցը միջազգային հանրության առջև բարձրացնելու անհրաժեշտության մասին և այդ համատեքստում օրինակ բերել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ հայ ժողովրդի ցուցաբերած հետևողականությունը:
«Մենք պարտավոր ենք միջազգային հանրությունում հետևել այս խնդրին, ինչո՞ւ, որովհետև հակառակ դեպքում պատմության մեջ պարտական կլինենք մեր ժողովրդին»,- իր ելությում հայտարարել է ԻԻՀ փոխնախագահը և հավելել. «Այդ խնդիրը պատմական և իրավական տեսանկյունից ենթակա է հետևողականության: Մենք լրջորեն հետևողաան ենք այդ խնդրում: Եվ եթե մինչ այժմ ուշադրություն չենք դարձրել, դա մեր թուլությունն է եղել: Մեր հետևողականությամբ մենք նվազագույնը կարող ենք երիտասարդ սերնդին առավել ուշադիր դարձնել, որ պատմության ընթացքում երկրի սահմանները պետք է մշտապես ճանկերով և ատամներով պաշտպանել»:
Բաղայիի խոսքով, խնդիրը նաև քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ դրա բարձրացմամբ հնարավոր կլինի «Ամերիկային, Ռուսաստանին և Անգլիային դուրս բերել հպարտ կեցվածքից` հասկացնելով, որ Երկրորդ աշխարհամարտում Իրանը նրանց ոչնչացման խոչընդոտն է եղել»:
Ի պատասխան այն հարցերի, թե խնդրի վաղեմությունն անցել է և անհնար է հետևողականություն ցուցաբերել, փոխնախագահ Բաղային պարզաբանել է, որ նմանօրինակ նախադեպերը բազմաթիվ են: «Չնայած Ճապոնիան պատերազմում հիմնական կողմ էր, այն ներկայումս ատոմային ռումբերից հասցված վնասի համար Ամերիկայից փոխհատուցում ստանալու պահանջատեր է դարձել»,- նշել է նա և շարունակել օրինակները. «Օսմանյան կառավարությունը մոտ 100 տարի առաջ` 1915 թվականին ցեղասպանություն է իրականացրել որոշ քանակությամբ հայերի նկատմամբ: Ներկայումս, չնայած Օսմանյան կայսրությունը վերացել է, Հայաստանի կառավարությունը Թուրքիայից պահանջում է, որ պաշտոնապես ներողություն խնդրի և փոխհատուցում վճարի»:
Իր խոսքում Իսլամական հանրապետության փոխնախագահն անդրադարձել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին Իրանին հասցված կոնկրետ վնասներին և, իմի բերելով դրանք, հայտարարել, որ երկիրի զարգացումն ընդհանուր առմամբ 50 տարով հետ է ընկել: «Ամերիկան, Ռուսաստանն ու Անգլիան, որ ներկայումս գեղեցիկ խոսքեր են ասում մարդու իրավունքների մասին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, օգտվելով մեր երկրի բոլոր հնարավորություններից, Իրանը դարձրեցին իրենց հաղթանակի կամուրջը, և ամենավատ կործանարարություններն իրականացրեցին մեր երկրում: «Այս խնդրի ներկայացումը միջազգային հանրությունում արևմտյան երկրների համար ամենատհաճ լուրերից կլինի, և անպայման այս խնդիրն իրենց լրատվամիջոցների ու անհատների կողմից կփորձեն ոտնատակ ընկած ներկայացնել, որպեսզի հետևողականություն չցուցաբերվի»,- իր խոսքն ամփոփել է երկրի փոխնախագահը:
Աղբյուրի հաղորդմամբ, «Իրան. հաղթանակի կամուրջ» մեկօրյա համաժողովը անց է կացվել չորեքշաբթի օրը «Սաադ Աբադ պատմամշակութային համալիրում»` Նախագահի աշխատակազմի ղեկավար Էսֆանդիար Ռահիմ Մաշայիի և Մշակութային ժառանգության կազմակերպության մի շարք պատասխանատուների մասնակցությամբ: