Վլադիմիր Մսրյանի հոգեհանգստի արարողությունը` այսօր ժամը 18.00-ից
Այսօր ժամը 18.00-ից` Արզումանյան 16/2, բն.6 հասցեում տեղի կունենա թատրոնի և կինոյի անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացու մեդալակիր Վլադիմիր Մսրյանի հոգեհանգստի արարողությունը:
Հիշեցնենք, որ դերասանը մահացել էր օգոստոսի 24-ին: Նա վերջին շրջանում տառապում էր արյան քաղցկեղից:
Վլադիմիր Մսրյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: Անվանի դերասանի վերջին հրաժեշտը տեղի է ունենալու օգոստոսի 27-ին` ժամը 12.00-14.00-ը` Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:
Վ. Մսրյանը ծնվել է 1938 թ.` Վլադիկավկազում: 1961 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1961-67թթ. որպես դերասան աշխատել է Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, 1967-ից մինչև կյանքի վերջը` Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Մեծ ու անփոխարինելի է Վլադիմիր Մսրյանի ստեղծագործական ժառանգությունը: Շուրջ կեսդարյա գործունեության ընթացքում նա մարմնավորեց հայ և համաշխարհային գրականության մի քանի տասնյակ գլխավոր հերոսների` շեշտելով նրանց կյանքի ու ճակատագրի դրաման: Բեմարվեստի սիրված վարպետը առավելապես ճանաչվեց որպես դրամատիկ խորը շեշտադրումների և ողբերգական կրքերի դերասան, ում համար առաջնայինը դերի ինտելեկտուալ շերտերի բացահայտումն էր: Լավագույն դերերից են Կլարենսը, Համլետը (Շեքսպիր` «Ռիչարդ III», «Համլետ»), Ալեքսեյը (Դոստոևսկի` «Խաղամոլը»), Հերոստրատը (Գորին` «Մոռանալ Հերոստրատին»), Միհրդատ Պոնտացին (Պ. Զեյթունցյան` «Աստվածների կանչը»), Վոյնիցկին (Չեխով` «Քեռի Վանյա») և այլն: Կինոյում նկարահանվել է 1972թ.-ից` «Վերադարձ» (Հայֆիլմ), «Պագանինի» (Բուլղարֆիլմ և Մոսֆիլմ), «Պտտահողմ» (Տաջիկֆիլմ), «Լռության սիմֆոնիա» (Հայաստանի ազգային կինոկենտրոն) և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան