Թուրքական մամուլ. Ջիվան Գասպարյանի համերգի տապալման պատճառը հայ-թուրքական կարգավորման գործընթացի ձախողումն է
Թուրքական մամուլը լայնորեն անդրադարձել է հայ անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանի` Թուրքիայում չեղյալ հայտարարված համերգի թեմային: Ըստ նախապես ծրագրվածի` Ջիվան Գասպարյանը թուրք երաժիշտ Յավուզ Բինգյոլի հետ պետք է սեպտեմբերի մեկին` խաղաղության միջազգային օրը հանդես գար համատեղ համերգով, որի ժամանակ պետք է հնչեր «Սարը գելին» ժողովրդական երգի հայերեն և թուրքերեն կատարումները:
Թուրքական «Փոսթա» (Posta) լրատվական կայքի տեղեկացմամբ` «Ստամբուլ 2010 եվրոպական մշակույթի մայրաքաղաք» գործակալությունն առանց պատճառաբանության չեղյալ է հայտարարել ծրագրված այդ համերգը: Աղբյուրի հաղորդմամբ` որպես հիմնական պատճառ, այնուամենայնիվ, դիտվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ձախողումը:
Ի դեպ` Ջիվան Գասպարյանն ու Յավուզ Բինգյոլը արդեն չորս անգամ հանդես են եկել նույն բեմահարթակից: